Դատարանը բավարարել է Գնդեվազի բնակչի հայցն ընդդեմ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակցի
Գնդեվազ գյուղի բնակիչ, լրագող Թեհմինե Ենոքյանի և Ամուլսարի հանքավայրը շահագործել նախատեսող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակից Հովսեփ Ասոյանի միջև դատական վեճն ավարտվել է Թեհմինե Ենոքյանի հաղթանակով:
Դատական վճռով ասվում է․ «Պարտավորեցնել պատասխանող Հովսեփ Վարդանի Ասոյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Թեհմինե Մխիթարի Ենոքյանին վիրավորելու համար հրապարակայնորեն ներողություն խնդրել»:
Դատարանը վճռել է նաև պատասխանող Հովսեփ Վարդանի Ասոյանից հօգուտ հայցվոր Թեհմինե Մխիթարի Ենոքյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի փոխհատուցման գումար: Պատասխանող` Հովսեփ Վարդանի Ասոյանից հօգուտ հայցվոր Թեհմինե Մխիթարի Ենոքյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Պատասխանող` Հովսեփ Վարդանի Ասոյանից հօգուտ հայցվոր Թեհմինե Մխիթարի Ենոքյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Հիշեցնենք նաև, որ Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա քրեական գործ էր հարուցվել: Գործի քննությամբ պարզվել էր, որ զրպարտող լուսանկարներ հրապարակած «Vahagn Hovhannisyan» օգտատերի էջը վարել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակից Հովսեփ Ասոյանը: