Կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը․ նախարար
Շրջակա միջավայրի նախարարի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։ Այս մասին հայտնել է ՇՄՆ մամուլի ծառայությունը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպում ունեցավ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից իր գործունեության բնագավառի խնդիրների այսրոպեական գույքագրման և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությամբ այն առաջնային է։
Այստեղ առկա են տարբեր հարթության խնդիրներ, որոնց նախ գույքագրմանը, ապա լուծումների առաջադրմանը պետք է ձեռնամուխ լինենք ամենասեղմ ժամկետներում։ Քննարկեցին Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը։ Այս ուղղությամբ կմշակվեն խորքային բարեփոխումների և իրավիճակի շտկմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերի ծրագիր։
Նախարարը դիտարկումներ արեց ձկնագողության դեմ պայքարի միջոցների վերանայման, խստացման և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի վերամշակման հարցերի շուրջ։ Առաջիկայում ավելի հանգամանալից անդրադարձ կկատարվի այս խնդրին։
Անդրադարձան «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակին։ Այսօր արդեն ազգային պարկում մեկնարկել է նախարարության կողմից պատվիրակված աուդիտը։ Աուդիտից հետո նախարարի առաջարկով խորհրդատվական ընկերության հետ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա զարգացման հայեցակարգ կմշակվի։ Ամենակարճ ժամկետներում ազգային պարկին ընձեռնվելու են ափամերձ տարածքներում տնտեսական գործունեության հետագա կանոնակարգման ուղղությամբ ընթացիկ կառավարման և արդյունավետ պահպանության հնարավորություններ։
Նախարարի կարգադրությամբ կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվեն ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ։ Նախարարի խոսքով, իրենք գնում են այս քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։
Ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը կիրազեկի տնտեսվարողին՝ ամենասեղմ ժամետում կասեցնելու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում ապամոնտաժելու ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։
Դա պետք է արվի կտրուկ ու վճռական քայլերով։
Շրջակա միջավայրի նախարարը երաշխավորում է, որ հետայսու այս և նմանատիպ տարածքները տնտեսվարողներին կտրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամբ։ Նախարարի առաջին այցելությունը մայրաքաղաքից դուրս նախատեսված է Սևան ազգային պարկ, շրջայցի ընթացքում կանգ կառնեն նաև այդ ափում՝ տեղում ծանոթանալու արդեն իսկ իրականացված աշխատանքին։