Արագիլների փետուրներն ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների․ ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում վերջին օրերի ընթացքում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում՝ արագիլների աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԲԸՏՄ պաշտոնական հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ օրերս՝ անդրադառնալով աղտոտված արագիլների խնդրին, ԲԸՏՄ-ը հայտնել էր, որ նշված տեղանքում աղտոտված կենդանիներ չեն հայտնաբերվել։ Այս հայտարարությունն առաջացրել է բնապահպանության ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունը, քանի որ համացանցում աղտոտված թռչունների լուսանկարներն ու ահազանգերը բազմաթիվ են։
Այսօր՝ հուլիսի 8-ին, ԲԸՏՄ հայտարարությամբ ասվում է․ «Աղտոտված թռչունների փետուրները և ցամաքուրդային ջրերից կատարված նմուշառումներն ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների։ Մարզերում գործունեություն ծավալող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում նախատեսվող ստուգումների, ուսումնասիրությունների, լաբորատոր հետազոտությունների համադրումների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Խնդրի շուտափույթ լուծմանն ուղղված ամենօրյա աշխատանքները գտնվում են Տեսչական մարմնի ղեկավարության անմիջական հսկողության ներքո»։