Ահազանգ․ արագիլները կրկին աղտոտվել են (ֆոտո)
Կենդանաբան Վասիլ Անանյանն ահազանգում է Երասխահուն գյուղի տարածքում արագիլների զանգվածային աղտոտման դեպքի մասին։ «Տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն ա»,- գրել է նա և հրապարակել լուսանկարներ։
Երասխահուն գյուղը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում՝ մարզկենտրոնից 14 կմ հարավ-արևելք: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և խորդենու մշակությամբ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի նմնատիպ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում․ բազմաթիվ արագիլներ աղտոտվել են յուղային պարունակությամբ նյութերով, ինչի պատճառով թռչունները չեն կարողանում թռչել և սնվել: Կենդանիներին տրամադրվել է կամավորական օգնություն, իսկ մասնագետները փորձել են պարզել, թե ինչն է հանդիսացել աղտոտման պատճառ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։
Ընդգծենք նաև, որ վերջերս հայտնի դարձավ քննչական կոմիտեի կողմից մայիսի 22-ին Արարատի մարզում արագիլների աղտոտման վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: