Սև ագռավի հետքերով գնացած տեսուչների «աննախադեպ բացահայտումը»
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հերթական անգամ ոչ պատշաճ աշխատանք է կատարել: Մայիս ամսին վայրի բնությունից գողացված և վաճառքի հանված ագռավի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից հնչեցված ահազանգի հետքերով գնացած ԲԸՏՄ աշխատակիցները «աննախադեպ բացահայտում» են կատարել:
ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Գ. Հասրաթյանի ստորագրությամբ ստացված գրությամբ ասվում է. «...Երևանի տարածքային բաժնի աշխատակիցն այցելել է Էրեբունի վարչական շրջանում «Էրեբունի-Այվազովսկի փողոցների խաչմերուկ» գտնվող «Անտառային ձայներ» խանութ սրահ, որտեղ չի հայտնաբերվել տեսանյութում և լուսանկարներում առկա ագռավը:
«Անտառային ձայներ» խանութ սրահի աշխատակիցների պնդմամբ իրենց տնօրենի կողմից կատարված բացատրական աշխատանքներից հետո ագռավին բերած երեխան ազատ է արձակել թռչնին և խոստացել այլևս նման արարք չկատարել»:
Մեր կողմից հրապարակված տեսաձայնագրությամբ խանութ սրահի սեփականատերը նշում է, որ կենդանին վայրի բնությունից է ու 1-2 ամսական ձագ է։ «Սրանք սեզոնով են։ Հիմա ճարեցինք, ճարեցինք, 10 օր հետո կարողա չկարողանանք ճարենք, որովհետև արդեն թռնում են»,- ասաց նա։
Վերջինիս խոսքերով կենդանիներին «ճարում» է մեկ այլ անձ: «Երեկ էր ինձ զանգել, երկու հատ ուներ»,- ասաց սեփականատերը։
Ուստի, հստակ է, որ «Անտառային ձայներ»-ի սեփականատերը պարզապես ստել է՝ խուսափելով պատասխանատվությունից, իսկ ԲԸՏՄ աշխատակիցները խուսափել են լրացուցիչ աշխատանք կատարելուց:
Գրությամբ հայտնում են նաև. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակցի կողմից խանութի տնօրենին և աշխատակիցներին իրազեկվել է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի դրույթների և պահանջների մասին և հորդորել այսպիսի հարցերին վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ, ինչպես իրենց, այնպես էլ այլ անձանց կողմից չիրականացնել և թույլ չտալ իրականացնել վայրի կենդանիների և թռչունների վաճառք»: