Տեսչական մարմնի նախկին ղեկավարն ուշագրավ մանրամասներ է ներկայացնում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստերն արձանագրելով գնանք․ երկու տարի է փաստացիորեն ընթանում է Ամուլսարի գործը, որտեղ ինձ ներգրավել էին որպես վկա՝ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարի կարգավիճակում։ Մեկ տարի է ընթանում է Սևանի սիգի գործը՝ նույպես՝ վկա։ Երկուսով էլ ոչ մի վերջնական որոշում չկա, դժվար էլ լինի․․․ Մոտ մեկ տարի առաջ հրավիրեցին ԱԱԾ հարցաքննության, երկու գործով Արարատյան դաշտի ինչ-որ հորերի հարցով են զանգահարել՝ մեկով ցուցմունք տվել եմ, մյուսով՝ դեռ չեն զանգել կամ ծանուցագիր ուղարկել։ Ստաբիլ՝ երեք-չորս ամիսը մեկ մի քննիչ է հայտնվում՝ մեկը Սևանի բաժնից, մյուսը՝ Մասիսի բաժնից, ԱԱԾ-ից, եսիմ որ "ծ" ից ու խրոխտաբար հայտնում, թե՝ էսինչ գործով ինձ ներգրվել են որպես վկա, գնամ հարցաքննության։ բոլորն անխտիր վերաբերում են տեսչության հետ առնչվող ինչ-որ գործերի։ Հին ավանդույթների համաձայն, հարցաքննում են որպես վկա, բայց սլաքներն ուղղված են քո դեմ։ Իրավաբանները դա լավ կհասկանան՝ Ամուլսարի գործով՝ զգուշորեն, իս էս վերջում՝ արդեն ուղղակիորեն։
Քանի որ բոլորը քրեական գործեր են, ես իրավունք չունեմ գործի կամ հարցաքննության բովանդակության վերաբերյալ մանրամասներ հայտնել, որ չստացվի, թե նախաքննական գաղտնիք եմ հրապարակում։ Մտահաղացումն էլ հենց սրանում է՝ տակից գործեր սարքել ու երեք-չոր ամիսը մեկ ցույց տալ, որ Դամոկլյան սրի պես ինչ-որ բան անընդհատ գլխիդ կախված է, խելոք մնա, բայց դա անել էնպիսի մի եղանակով, որ հրապարակային չլինի, նույնիսկ բովանդակության հրապարակումը պատժելի լինի։ Ու էդպես՝ լարվածության մեջ պահել տարիներ շարունակ՝ ինչքան կուզեն։ Դուք էլ հո 2008-ից սկսած ինձ գիտեք, ըստ ձեզ՝ վախենալու՞ եմ ձեզանից, զիջելու՞ եմ ձեր բանսարկու մեթոդներին, խուսափելու՞ եմ պատասխանատվությունից։
Գանք պատասխանատվությանը՝ հարգելի Արարատ Միրզոյան և Նարեկ Բաբայան, դուք 2018-ի գարնանը ինձ առաջարկեցիք գլխավորել բնապահպանական տեսչությունը, ես առաջարկեցի մի քանի պայման, որոնք բավարարելու դեպքում կհամաձայնվեմ։ Դրանցից հիմնականն այն էր, որ իմ գործերին չպետք է քաղաքական նպատակահարմարություններից ելնելով միջամտեն։ Համաձայնվեցիք՝ ընդամենը այն վերապահմամբ, որ տնտեսական նշանակության կարևոր օբյեկտների վերաբերյալ հարցերը մի հատ քննարկենք, նոր որոշումներ կայացվեն։ Ես այդ պայմանը պահել եմ (Ամուլսար, Ալավերդու կոմբինատ, պատրաստվում էի նաև Քաջարանի հանքավայրով հանդիպում առաջարկել, որը չհասցրեցի)։ Իսկ դուք չեք պահել, քանի որ աշխատանքիս առաջին իսկ շաբաթվանից Տիգրան Ավինյանն իր ողջ գրասենյակով քիթը խոթեց տեսչության գործերի մեջ ու էլ չհանեց։ Այն աստիճանի, որ ձեր հետ աշխատանքային պայմանները համաձայնեցրած պաշտոնյային նա է "չերեզով" հրահանգում՝ ազատման դիմում գրել։ Ազատելուց հետո էլ շարունակում են քրեական գործերով մանրախնդիր կերպով զզվեցնել՝ առանց որևէ տեսանելի արդյունքի, ինչը նշանակում է՝ ինքնանպատակ, կամ՝ քաղաքական նպատակներ հետապնդելով։ Հետաքրքիր է՝ դուք պատասխանատվություն չե՞ք զգում ձեր արածի ու հատկապես չարածի համար։
Հիմա ավելի կոնկրետ բան ասեմ՝ Արարատ Միրզոյանին և ԱԺ գյուղատնտեսական ու բնապահպանական հարցերի հանձնաժողովի բոլոր անդամներին առաջարկում ու պահանջում եմ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով կամ աշխատանքային խումբ՝ իմ պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում բնապահպանական տեսչության գործունեությունն ու արդյունքները բաց և հրապարակային քննարկելու համար։ Սկսենք Ամուլսարի, Քաջարանի ստուգումների արդյունքներից, գանք Սևանա լճի, Արմօյլ գործարանի, Արարատյան ավազանի հորերի ու ձկնաբուծարանների, ՀԷԿ-երի ու անտառների ստուգումներին։ Քննարկենք, թե այդ ընթացքում տեսությունն ի՞նչ է արել, ի՞նչ չի արել ու չպետք է աներ, ի՞նչ չեն թողել, որ անի․․․ ու այդպես շարունակ։ Խոսենք նաև այն մասին, թե ինչպե՞ս էի բնապահպանական ՀԿ-ներից ու միջազգային կազմակերպություններից տեսուչների համար "բածինկա" ու բենզին ճարում, որ գործուղման ուղարկեմ, ջրաչափական սարքեր էի խնդրում, որ խողովակներից հոսող ջրի քանակությունը, բառի բուն իմաստով՝ տաշեղով չչափեն ու տնտեսվարողներին ծիծաղեցնեն։
Խնդրում եմ ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին հրավիրել բնապահպանության արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին, Սերժ Սարգսյանի օրոք վերջինիս անմիջական ղեկավար՝ Արծվիկ Մինասյանին, փոխվարչապետ Ավինյանին, աշխատակազմի ղեկավար Աղաջանյանին ու նրանց այդ ժամանակվա որոշ տեղակալներին ու օգնականներին, նաև ձեր ցանկությամբ ցանկացած այլ անձանց ու կազմակերպությունների (ՊՎԾ, քրգործեր վարող իրավապահ համակարգ և այլն)։ Բոլորս սեղանին դնենք մեր ձեռքի տակ եղած փաստերն ու փաստարկները և հասկանանք, թե ի վերջո՝ ի՞նչ խնդիրներ են ուզում այս մարդիկ լուծած լինել առկա քրեական գործերով։ Իսկ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներով էլ տեսնել, թե ի՞նչ նոր քրեական գործեր կարող են հարուցվել և ու՞մ նկատմամբ․․․ Ես արդեն խորապես զզվել ու զայրացել եմ այս փնթի, բանսարկու վարքագծից՝ բա՞ն ունեք ասելու, եկեք հրապարակային ասեք, ես էլ շատ բան ունեմ ասելու»։