Ջիլիզայի անտառապահի «Նիվա»-ի մեջ ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու, ինչպես և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները հաճախ են ստուգայցեր կատարում բաժնի սպասարկման տարածքի անտառներում։ Հերթական ստուգայցի ժամանակ Թումանյանի ոստիկանները Դսեղ գյուղի անտառում անտառահատներին բռնեցին, այսպես ասած՝ գործի վրա։ Դեբեդ գյուղի 48-ամյա բնակիչն արդեն հաստաբուն չորս ծառ էր հատել ու հայտնի չէ, թե որքան կհատեր, եթե ոստիկանության ծառայողները վրա չհասնեին։ Հատված ծառերը հանձնվել են Դսեղի անտառտնտեսությանը, իսկ տղամարդիկ, բենզասղոցներով ու բեռնատարով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժին։
Նույն միջոցառման շրջանակներում Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման ևս մեկ դեպք են բացահայտել։ Նրանք հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որը բեռնված էր փայտանյութով։ Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա վարորդը, որը Ջիլիզայի անտառտնտեսության անտառապահներից է, բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները պարզվում են։