Ահազանգ․ վայրի բնությունից գողացված և «տանջվող» սև ագռավը՝ վաճառքի առարկա (տեսանյութ)

ՀՀ-ում շարունակվում է համակարգային անտարբերություն և անպատասխանատու վերաբերմունք դրսևորվել վայրի բնության, հատկապես՝ կենդանական աշխարհի օբյեկտների նկատմամբ։ Կենդանական աշխարհի օբյեկտներն ընկալվում են որպես իր, առարկա, որոնց կարելի է առանց հավելյալ պատասխանատվության գնել, վաճառել կամ փոխանակել։ 

Կենդանի կենդանիների և դրանց արգասիքների առքն ու վաճառքը շարունակվում է չկանոնակարգված մնալ ՀՀ իրավական նորմերով։ Այդ իսկ պատճառով առանց պատշաճ վերահսկողության են մնացել թե՛ առձեռն վաճառք իրականացնող հաստատությունները, թե՛ առցանց վաճառքի կայքերն ու ցանցերը։ Ժամանակ առ ժամանակ այցելելով նմանատիպ խանութներ, այսպես կոչված՝ «անտառային ձայներ», կարելի է հանդիպել հենց վայրի բնությունից գողացված և վաճառքի հանված նմուշների։ 

Օրերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք ստացված ահազանգի հետքերով այցելեցինք Էրեբունի վարչական շրջանում /Էրեբունի-Այվազովսկի փողոցների խաչմերուկ/ գտնվող «Անտառային ձայներ» խանութ սրահ, որտեղ ոչ միայն վաճառվում են վայրի բնությունից գողացված սև ագռավի (Corvus corone) առանձյակներ, այլև՝ դաժան վերաբերմունք է դրսևորվում կենդանու նկատմամբ։ 

Սև ագռավ (Corvus corone)

Հաստ մետաղյա շղթայով ոտքից կապված սև ագռավի առանձնյակը թողնված է խանութի առջև՝ հենց մայթեզրին, որտեղ կարող է նաև վնասվել մեքենաների երթևեկության հետևանքով։ Կենդանին ժամեր շարունակ թողնված է կիզիչ արևի տակ և չունի պատսպարվելու հնարավորություն։ Վերջինս անհանգիստ շարժվում է՝ փորձելով թռչել, ինչը սակայն չի ստացվում ոտքից կապված մետաղյա շղթայի պատճառով։ 

Քիչ անց, մոտեցավ խանութի սեփականատերը և ասաց, որ այս ագռավին չի վաճառում, այն իրենն է, սակայն ցանկության դեպքում կարող է բերել մոտ 60 000 դրամ արժեքի սահմաններում առանց որևէ փաստաթղթի անհրաժեշտության։ Հավանական հաճախորդի հետ զրույցում սեփականատեր ներկայացած անձի խոսքերով կենդանին գողացված է վայրի բնությունից ու 1-2 ամսական ձագ է։ «Սրանք սեզոնով են։ Հիմա ճարեցինք, ճարեցինք, 10 օր հետո կարողա չկարողանանք ճարենք, որովհետև արդեն թռնում են»,- ասաց նա։

Վերջինիս խոսքերով կենդանիներին «ճարում» է մեկ այլ անձ, որի մասին տեղեկատվությունը հուսով ենք կպարզի ՀՀ ոստիկանությունը և ԲԸՏՄ-ը։ «Երեկ էր ինձ զանգել, երկու հատ ուներ»,- ասաց սեփականատերը։ 

Պնդումը, թե թռչուններին «ճարելու» ավարտին մնացել է մոտ 10 օր, հավանաբար կապված է սև ագռավի բնադրման գործընթացի հետ։ Ըստ բաց հանրագիտարանային տվյալների՝ ձվերը բներում հայտնվում են մինչև մարտի վերջը։ Ձագերը բնից դուրս են գալիս մոտ 5 շաբաթականում՝ ապրիլի վերջից հունիսի վերջը։ Հուլիսի 1-ին տասնօրյակին թռիչքին լավ տիրապետող ձագերը ինքնուրույն կեր են որոնում ամենուր։ 

Այսինքն, դեռ անպաշտպան ձագերին կարելի է «ճարել» և վաճառել այս ժամանակահատվածում, երբ նրանք նոր են դուրս եկել ձվերից և դեռ ինքնուրույն չեն, չեն կարողանում թռչել։ Այս անձինք, հավանաբար, գտել են թռչունների բնադրավայրերը և անմիջապես բնից գողանում են վայրի բնության մասնիկ հանդիսացող ագռավի ձագերին ու վաճառում դրանց։ 

Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:

Բացի վերոնշյալ օրենքում առկա կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման բազմաթիվ կարգավորումներից ու սահմանափակումներից, նշենք նաև, որ «Որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով վերոնշյալ կենդանատեսակի որսը թույլատրված չէ:

Բացի այն, որ այսպիսով խախտվում է բնական էկոհամակարգի հավասարակշռությունը վայրի բնության առանձնյակները կարող են մի շարք հայտնի և անհայտ հիվանդությունների կրող և փոխանցողներ լինել։

Նշենք, որ նույն խանութում օրեր առաջ վաճառքի է հանված եղել նաև բվի ձագ, որին այցի ընթացքում չհայտնաբերեցինք։ Հավանաբար կենդանին կամ մահացել է, կամ վաճառվել։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը և բազմաթիվ այլ անհատներ ու կազմակերպություններ կրկին անգամ հրավիրում են ՀՀ օրենսդիր և իրավապահ մարմինների ուշադրությունը վերոնշյալ խնդրի ուղղությամբ՝ հորդորելով գործնական քայլեր ձեռնարկել ՀՀ-ում կենդանիների առք ու վաճառքի գործընթացը կանոնակարգելու ուղղությամբ։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում