Հայաստանում առյուծները «կորում են», ինչպես ասեղը՝ դեզի մեջ․․․ (տեսանյութ)

Անցել է շուրջ մեկ տարի, ինչ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում փողոցում ազատ զբոսնող առյուծի ձագի մասին։ Այսօր՝ 2020թ․-ի գարնանը, սոցիալական ցանցերում դեռ շարունակվում են բեռնվել քաղաքում զբոսնող առյուծի մասնակցությամբ տեսանյութեր, սակայն կենդանին այդպես էլ չգտնվեց։ 

Հիշեցնենք, որ 2019թ․-ի հունիս ամսին հնչեցված ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները նշված տարածքում չեն հայտնաբերել առյուծին։ Ոստիկանությունը ևս նշված տարածքում առյուծին չի հայտնաբերել, ինչը բնական է համացանցում և ԶԼՄ կողմից բարձրացված աղմուկից հետո, սակայն, ո՛չ ՀՀ ոստիկանությանը, ո՛չ ԲԸՏՄ չի հետաքրքրել, թե ի վերջո որտե՞ղ է կենդանին, ավելին ԲԸՏՄ շտապել է կարճել հարուցված վարչական վարույթը

Այս ընթացքում, առավել պարզ դարձավ, որ կենդանին, հավանաբար, «պատկանում է» «Կերամա Մարացցի» («Լիա կաֆ» ՍՊԸ) համասեփականատեր Անդրանիկ Գասպարյանին։ Այս տեղեկատվությունն այսպես էլ պարզել չկարողացավ ՀՀ ոստիկանությունը։ 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում ազատորեն զբոսնող առյուծի ձագի մասնակցությամբ տեսանյութ համացանցում հայտնվել է նաև բոլորովին վերջերս։ Տեսանյութը հավանաբար նկարահանվել է դեռ նախորդ տարի, քանի որ կենդանին մեկ տարվա ընթացքում բավարար մեծացել է։ 

Արդյո՞ք կենդանին դեռ ողջ է, գտնվում է Հայաստանում կամ չի դարձել ինչ-որ մեկի զվարճանքի զոհը․ այս մասին տեղեկություններն ամբողջությամբ բացակայում են, քանի որ բացակայում է պատշաճ վերահսկողությունը ոլորտի նկատմամբ։ 

Առհասարակ, ՀՀ-ում իրավիճակն իսկապես յուրահատուկ է։ Ստացվում է, որ առյուծը՝ խոշոր գիշատիչ կենդանին, ասեղ է, որը կորել է խոտի դեզի մեջ և ոչ մի կերպ չի գտնվում։ 

Նշենք, որ «Կերամա Մարացցի» համասեփականատեր Անդրանիկ Գասպարյանի մասնակցությամբ խոշտանգման գործի մանրամասներ են հայտնի դարձել։ Երևանի բնակիչ Բյուրական Բաղդասարյանը, որը 2012-ից 2017 թվականներին աշխատել է մայրաքաղաքում գործող «Կերամա Մարացցի» խանութում որպես գլխավոր գանձապահ, պնդում է՝ խանութի սեփականատերն ու աշխատակիցը գումար պահանջելով իրեն խոշտանգել են։ Հարուցվել է քրեական գործ 4 հոդվածներով։   

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուսումնասիրությունները վկայում են, որ ՀՀ-ը, հավանաբար, որդեգրել է արաբական կամ աֆրիկյան որոշ պետությունների «զարգացման ուղին», իսկ հայաստանյան օլիգարխիկ մշակույթի կրողներն աստիճանաբար նմանվում են արաբ շեյխերի, որոնց հիմնական նախասիրությունը խոշոր կատվազգիներին ճաղերի հետևում բանտարկելն է։ Ռեստորաններում և զվարճանքի կենտրոններում բանտարկված արջերի մշակույթին փոխարինելու են գալիս տարբեր օլիգարխների մասնավոր տարածքներում բանտարկված առյուծներն ու վագրերը։ Շուտով, ՀՀ կառավարությունը և հասարակությունը կանգնելու են նոր՝ առավել խրթին, խնդրի առջև։

Մանրամասները՝ շուտով։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում