Երեկվա Գավառի ամենաթողության տնտեսական հիմքը Սևանի սիգի բիզնեսն է

Երեկվա Գավառի ամենաթողության տնտեսական հիմքը Սևանի սիգի բիզնեսն է։ Շատ հայտնի պատմություններ կան հատկապես Ծովագյուղ և Նորատուս գյուղերի հետ կապվող բիզնես կլանների մասին, որոնք վերահսկում են այդ անօրինական բիզնեսը և չեն ենթարկվում իրավապահ մարմիններին։ Իսկ իրականում, ոչ թե չեն ենթարկվում,այլ բիզնես կապերով փոխկապակցված են՝ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի առնչությունը սիգի պահածոների արտադրության հետ կարծում եմ հիշում եք։

Մի անգամ արդեն պատմել եմ, թե ինչպես էր բնապահպանական տեսչությունը փորձում հարցը կարգավորել, և ինչու դա չստացվեց, նորից չասեմ։ Բայց այստեղ մի կարևոր դետալ կա, որ նոր է արդիականանում․ երբ 2019-ի հունվարի սկզբին վարչապետ Փաշինյանին սիգի ապօրինի որսի վերաբերյալ զեկուցագիր էի ներկայացրել, այնտեղ ուղիղ տեքստով նշել էի, որ այս հարցում կա ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՃԳՆԱԺԱՄ, քանի որ սիգի ապօրինի որսը հսկելու անմիջական պատասխանատվություն ունեցող պետական մարմինները բանավոր քննարկումներում նշում էին, որ այդ հարցը հնարավոր չէ կարգավորել։ Սա պետականության դիրքերից բացարձակ անթույլատրելի էր, իսկ իրականում՝ ընդամենը համակարգային կոռուպցիայի ցուցիչ․ ի՞նչ է նշանակում՝ ձկան ապօրինի որսի հարցը չի կարող լուծվել։ Ու չլուծվեց՝ այսօր էլ ամենուրեք վաճառվում են սիգի պահածոներ, որոնց արտադրության ժամկետները տուփի վրա նշված են արդեն 2019 թվական (ՍԱՍ, Երևան Սիթի, Պարմա սուպերմարկետների ցանց, փոքր խանութներ՝ համատարած ու բաց)։ Վստահ եմ, նույն կերպ բոլոր պետական մարմինների աչքի առաջ պահածոն շարունակվում է նաև արտահանվել՝ սնուցելով ձրի հումքով աշխատող կրիմինալ բիզնեսները։ Սիգի գործով նույնիսկ քրեական գործ կա հարուցված, ես էլ ամիսներ առաջ հասել եմ Սևանի քննչական ու որպես վկա ցուցմունք տվել։ Կարծես ճիշտ ժամանակն է այդ շղթան բացել, ինչում, հասկանալիորեն, խիստ կասկածում եմ։

Մի բան էլ ասեմ այլ տիպի որսագողության բիզնեսի մասին․ 2018-ի ամռանը Վայոց Ձորում բեզոարյան այծի որսի դեպք էր բացահայտվել, որին մասնակցել էր ինչ-որ տեղացի օլիգարխ՝ ավշարի Արայիկ էին ասում, թե վեդի ալկոյի Արայիկ, լավ չեմ հիշում։ Հետո խոսակցություն գնաց, թե իբր ինքը անձամբ չի մասնակցել, այլ ուղղակի էնտեղ է գտնվել, քանի որ որսն արվել էր նրա "տարածքներում"։ Ոստիկանապետ Օսիպյանին ասացի, որ այս դեպքն իմ անմիջական վերահսկողության տակ է, ու ոչ մի տեղական հեղինակություն չպետք է պլստա, խնդրեցի ինձ հետ կոորդինացնել քրեական գործի վարույթը։ Այստեղ էլ մի ուրիշ համակարգային հարց կա․ ոլորտին տեղյակ մարդիկ գիտեն, որ հատկապես Վայոց Ձորում հսկայական տարածություններ գտնվում են տարբեր օլիգարխների վերահսկողության տակ՝ համարվում են նրանց "տարածքները"։ Գիտեն նաև, որ կան տարաբնույթ "հաց ուտելու օբյեկտներ", որտեղ "վստահելի մարդկանց" մատուցվում է որսի միս։ Երբ մտնում ես հենց ճանապարհի վրա գտնվող այդ "օբյեկտներից" մեկը, պատերից կախված գանգերն ու լեշի հոտն արդեն ամեն ինչի մասին խոսում են։ Անգամ ինտերնետում կարելի է գտնել Հայաստանում սաֆարի կազմակերպող ընկերություններ։ Եվ ահա, այս մի ապօրինի բիզնեսը ևս քոքից կտրվելու էր, եթե նշածս օլիգարխի գործի վրա կծիկը բացվեր։ Դե, վերջում իմացաք ինչ եղավ։

Ամփոփելով ասեմ, որ բոլոր այս հարցերը խորը համակարգային են, հազար թելով փոխկապակցված ու իրենց մետաստազներով մխրճված են այն նույն կրիմինալ համակարգի մեջ, որոնց մասին սիրում է խոսել Նիկոլը, բայց առանց հասկանալու դրա էությունը ու կարգավորման մեխանիզմը։ Իսկ ավելի ճիշտ՝ ուղղակի պահպանելով այդ համակարգը՝ մարդկանց ուշադրությունը շեղելով արմատական հարցերից, ինչը, կարծես, էլ ոչ մի սոուսով չի ուտվում։

 

 

Բնապահպանությա և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: 

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում