Թեժ մարտեր՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի շուրջ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն:

Արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ:

Մասնավորապես․

  • Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով,
  • խախտվել են հոգեմետ նյութերի դուրս գրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները,
  • առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում,
  • խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը և այլն:

Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած առերեևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Արդյունքում ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում…) հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատելոճում առկա թերությունների մասին բարձրաձայնվել է բազմիցս թե՛ կենդանասերների, թե՛ տարբեր նախաձեռնություների և ՀԿ-ների կողմից։ 

Ընդգծենք, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ ղեկավար կազմը վերջերս փոփոխության է ենթարկվել։ Նշված ՀՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Արմեն Բեգոյանն այժմ զբաղեցնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրենի պաշտոնը, իսկ Հարություն Առաքելյանը լքել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Հայտարարությանն արձագանքել է նաև Հարություն Առաքելյանը՝ գրելով․ «Հիշեցնեմ, որ նշված ՀՈԱԿ-ը ստեղծվել և գործել է գրեթե դաշտային պայմաններում՝ առաջին ամիսներին անգամ ադմինիստրատիվ մասը: ՀՈԱԿ-ը սկսել է վիրհատություններ անել, երբ չկար դեռ գնված դեղորայք (օգտագործվում էր մեր անձնական միջոցներով ձեռք բերված դեղորայքն ու պարագաները): Ապրանքաշրջանառության իրականացումը սկսվել է ավելի ուշ, երբ աշխատանքները հունի մեջ էին արդեն:

Խոսքը այն դեղորայքի մասին է, որով մինչ օրս նշված ՀՈԱԿ-ը աշխատում է ու դեռ կաշխատի քանի որ մեծ քանակությամբ դեղորայքի և բժշկական պարագաների ավելցուկ ենք թողել մեր գնալուց հետո: 

Հոգեմետ դեղորայքի վերահսկողությունը իրականացվում է ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան բաժնի կողմից և ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ որևէ խնդիր չի արձանագրվել երբևէ: (հավանաբար գրանցամատյանները պետք է մետաղյա լինեին):

ՀՈԱԿ-ը օգնություն ստացել է նաև մեր կողմից, բայց ինքնագովազդով չենք զբաղվել: Այլ մարդկանցից կամ ՀԿ-ներից ստացված նվիրատվությունները եղել են՝ մի քանի վանդակի և մեկ պարկ շան կերի տեսքով, որոնք օգտագործվել և օգտագործվում են մինչ օրս:
Շնորհակալ ենք բոլորից:

Նվիրատվությունները թաքցնելը երևի սովորել ենք հենց քաղաքապետարանից...))), բայց դե մերը սկի համեմատելու էլ չի:

Գնումները ողջ գործընթացը իրականացվել է համաձայն գնումների մասին օրենքի և հրապարակված է գնումների պաշտոնական կայքում:

Հաշվետվություններն էլ պարբերաբար ներկայացվել են քաղաքապետարանի ֆինանսական վարչությանը ու էլի խնդիր երբևէ չի արձանագրվել:

Ամփոփելով այս ամենը, ստիպված եմ փաստել, որ քաղաքապետարանը ի դեմս Երևանի քաղաքապետի, նման անլուրջ քայլով փորձում է շեղել հանրության ուշադրությունը իր անօրինական մրցույթներից, իր կողմից նշանակված կադրերի ոչ կոմպետենտությունից, դատարանի կողմից անօրինական ճանաչված որոշումներից և իհարկե իր թուլությունից:
Քաղաքապետը շատ լավ տեղյակ է եղել նշված ՀՈԱԿ-ի աշխատանքներից և ոչ միայն քաղաքապետը»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում