Ռենջերը, ոստիկանն ու որսագողը... արգելված որս՝ արգելված վայրում (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

Թեպետև Հայաստանում որսի և որսորդական տնտեսությունների վարման ոլորտում պետական գերատեսչությունների /ՇՄՆ/ կողմից իրավական նորմերի բարելավմանն ուղղված քայլերի, ՀՀ ոստիկանության, ԲԸՏՄ կողմից որսագողության փոքրաթիվ դեպքերի հայտնաբերման, այնուամենայնիվ ոլորտում շարունակում են մնալ համակարգային խնդիրներ, որոնց կարգավորմամբ միայն հնարավոր կլինի իրավիճակ փոխել: Արդիական է շարունակում մնալ որսորդական միությունների անդամ հանդիսացող քաղաքացիների խնդիրը, որոնք չունեն բավարար ոլորտային գիտելիքներ և գիտակցության, պատասխանատվության աստիճան, ինչը թույլ չի տա վերջիններիս զբաղվել ապօրինի որսով: Մեղմ ասած, «թերի» է նաև սահմանված վերահսկողությունը, իսկ, երբեմն անգամ հանդիպում են դեպքեր, երբ վերահսկողը հենց ինքը որսագողն է:

Հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի ապօրինի որսի սիրահար Էդո Կարապետյան անունով օգտատերը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի հետ: Ուսումնասիրելով հանրային բաց համացանցային տվյալները՝ ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներում հայտնաբերում ենք, որ վերոնշյալ քաղաքացին կրում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի ռենջերի համազգեստ։

Էդիկ Սեյրանի Կարապետյան

Էդո Կարապետյան անունով օգտատերը 2020թ․-ի հունվար ամսին համացանց է բեռնել լուսանկարներ, որտեղ սպանված նապաստակ է։ Լուսանկարներում վերջինս որսի իր վաղեմի «գործընկեր» Արմեն Աբրահամյան անունով օգտատիրոջ հետ է։ «Գործընկերները» միասին բազմաթիվ լուսանկարներ ունեն սկսած 2013թ․-ից։ Ուշագրավ է նաև, նրանց երրորդ «գործընկերերը», որը ոստիկանության ծառայող է՝ «А К» անունով օգտատերը։ 

Նապաստակի և առհասարակ այլ կաթնասունների որսի թույլտվություն արդեն մի քանի տարի է, ինչ չի տրամադրվում շրջակա միջավայրի նախարարի հրամանի համաձայն։

2015 թ․-ին Էդո Կարապետյան անունով օգտատերն սպանված գիշատիչ անտառակատվի (Felis silvestri) լուսանկար է բեռնել։ Տեսակն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, ինչպես նաև՝ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab (iii,iv): Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, ծ.մ. 700–2500 մ բարձրություններում: Հավանաբար, մտնում է նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր: Թվաքանակը հայտնի չէ, սակայն կայուն: Անհրաժեշտ է կատարել հաշվառումներ և հետազոտել անտառակատվի էկոլոգիան հանրապետությունում: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում և մի քանի արգելավայրերում: 

Իսկ 2014թ․-ին լուսանկարներում Էդո Կարապետյան անունով օգտատերը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի համազգեստով է։

Էդո Կարապետյան, Արմեն Աբրահամյան, «А К» անունով օգտատեր

Հրապարակումներում որսագողության դեպքերի մասին վկայող լուսանկարներ շատ կան, որոնցից ամենաթարմերը բեռնվել են 2020թ․-ին։ Այս երեք օգտատերերի տվյալներն ուսումնասիրելիս հայտնաբերում ենք բազմաթիվ հայտնի զբոսաշրջային վայրերում հրազենով արված լուսանկարներ։ Չի կարելի բացառել նաև, որ լուսանկարներն արվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։  

Արմեն Աբրահամյան անունով օգտատերն ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ բեռնել է նաև 2019թ․-ի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին։ Արմեն Աբրահամյան անունով օգտատերը 2019թ․-ի դեկտեմբեր ամսին հավանաբար ոչ միայն չթույլատրված, այլև կարմիրգրքյան թռչնատեսակի՝ անդրկովկասյան փասիանի (Phasianus colchicus) որս է կատարել։ 

Անդրկովկասյան փասիանը փոքր թվաքանակով, խոցելի տեսակ է, Հայաստանի պայմաններում` սակավ ուսումնասիրված: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD: Ըստ ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների՝ ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Կապանի շրջանում խտությունը կազմում է մոտ 0,05 թռչուն 1 հա-ին, իսկ Մեղրու շրջանում, Արաքսի գետի երկայնքով, այն մոտ 1,5 անգամ բարձր է: 2008 թ․-ին հայտնի է անազատ պայմաններում մեկ արու պահելու դեպք: Վտանգման հիմնական գործոնները: Փասիանի թվաքանակի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ բազմացման շրջանում վայրի բույսեր և պտուղներ հավաքողների կողմից անհանգստացնելը, ինչպես նաև ապօրինի որսը:

Եվս մեկ սպանված հազվագյուտ թռչնատեսակ՝ Արմեն Աբրահամյանի ձեռքերում։ Թռչնադիտարկման փորձագետ Սիրանուշ Թումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լուսանկարում սպանված Կարմիր բադ (Tadoma ferruginea) է, որը համացանց է բեռնվել 2015թ․-ին։ Վերջինս ընդգծեց, որ դատելով լուսանկարի ֆոնային հատվածում երևացող լեռներից կարելի է ենթադրել, որ «որսը» կատարվել է Սևանա լճի տարածքում։ Բացի այն, որ սպանվել է արգելված կարմիրգրքյան թռչուն, այլև «որսը» հավանաբար կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքում՝ «Սևան» ազգային պարկում։ 

Արմեն Աբրահամյան, Կարմիր բադ (Tadoma ferruginea)

Ըստ որոշ տվյալների՝ ներկայումս ամբողջ աշխարհում Կարմիր բադի բոլոր ապրելավայրերում թվաքանակի կտրուկ և անարգել անկումը սպառնալիքի տակ է դնում տեսակի գոյությունը։ ՀՀ-ում այն կրճատվել է ավելի քան 10 անգամ, հատկապես՝ Սևանա լճի ավազանում, որովհետև լճի մակարդակի նվազման հետևանքով բները լճափերից բավական հեռու են մնացել։ ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով՝ տեսակը հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում, Ախուրյանի, Կեչուտի, Սպանդարյանի, Ապարանի և Հրազդանի ջրամ բարներում, բարձր լեռնային լճակներում, (ծ.մ. 3200 մ) Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում: Սևանա լճի իջեցման հետևանքով բնադրավայրերը կորցրել են իրենց նշանակությունը: Բացասականորեն է ազդում Սևանա լճի սառցապատումը ձմռանը: Արփի լճում բնադրման շրջանում ձկնորսությունը և որսագողությունը: 

Պարզելու համար, թե արդյո՞ք Էդո Կարապետյան և Արմեն Աբրահամյան անունով քաղաքացիները հանդիսանում են «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցներ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրությամբ դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, որին ի պատասխան ստացված գրությամբ ասվում է․ Էդիկ Սեյրանի Կարապետյանը և Արմեն Լևոնի Աբրահամյանը չեն հանդիսանում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ։ 

36-ամյա Էդիկ Սեյրանի Կարապետյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ է, իսկ 50-ամյա Արմեն Աբրահամյանը՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի։ 

Ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ նաև, որ «А К» անունով օգտատերերը հավանաբար Էդիկ Սեյրանի Կարապետյանի եղբայրն է՝ Արման Սեյրանի Կարապետյանը։ Վերջինս ՀՀ ոստիկանության ծառայող է․ Արման Կարապետյանը հավանաբար սիրում է  ծառայողական համազգեստով և հրազենով մասնակցել որսի, ինչի մասին վկայում են 2020թ․-ի մարտի 7-ին համազգեստով և սպանված կենդանիները ձեռքին բեռնված լուսանկարներն են։ Հենց այսպես է օրենքի պաշտպանը կատարում իր անմիջական ծառայողական պարտականությունները։ 

Արման Սեյրանի Կարապետյան, ոստիկանության ծառայող

Որսի ոլորտում ստեղծված իրավիճակին անդրադարձել ենք բազմիցս։ Ըստ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից կատարված ուսումնասիրության՝ ՀՀ որսի ոլորտի նկատմամբ ևս բացակայում է պատշաճ մակարդակի վերահսկողություն, իսկ որսորդական միասնական վկայական ստանալու կարգի ոչ լիարժեքության, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով սահմանվող որսորդական մինիմում հանձնելու պրակտիկայի ի սպառ բացակայության, մի շարք այլ ընթացակարգային խնդիրների հետևանքով ոլորտում ստեղծվել է քաոսային իրավիճակ, ինչի պատասխանատուն առաջին հերթին պետական լիազոր մարմինն է, որը գրեթե 10 տարի շարունակ պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորություններն ու պարտականությունները։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում