«Լավ անելու արվեստը»․ Ոստիկանությունն աջակցո՞ւմ է փողոցային «խուժանին»
ՀՀ ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ռ․ Ավդալյանի որոշմամբ մերժվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի աղմկահարույց դեպքով քրեական գործի հարուցումը։
«Դինգո թիմ» ՀԿ կողմից հրապարակված որոշման բովանդակությունից պարզ է դարձել, որ դեպքի գործող անձինք են Խաչիկ Սարգսյանը և Գագիկ Ավետիսյանը։
Ուսումնասիրելով որոշման մասին հրապարակված ծանուցումը՝ եզրակացնում ենք, որ ոստիկանության ավագ լեյտենանտ Ռ․ Ավդալյանը «քրտնաջան» աշխատանք է կատարել, ինչի արդյունքում պարզել է, որ Խաչիկ Սարգսյանը փորձել է վերադարձնել իրեն պատկանող երկու շներին, սակայն չի կարողացել։ Հանկարծ, ինչ-որ տեղից հայտնվել է պատահական անցորդ Գագիկ Ավետիսյանը և տրամադրել իր ավտոմեքենան, շանը շղթայով քարշ տալու միջոցով սեփական տարածք վերադարձնելու համար։ Ընթացքում, երբ շունը որոշել է պառկել փողոցում մի փոքր հանգստանալու նպատակով՝ Խաչիկն ու Գագիկը հասկացել են, որ շանը քարշ են տալիս ավտոմեքենայի հետևից։
Որոշմամբ մասնավորապես ասվում է․ «Ավոտմեքենայի հետևից վազելու ընթացքում «Ալաբայ» տեսակի շունը հոգնելու պատճառով պառկել է փողոցում, որի հետևանքով Խաչիկ Սարգսյանը քարշ է տվել շանը, սակայն նկատելով շանը քարշ տալու հանգամանքը, կայանել է ավտոմեքենան՝ շանը հանգստանալու հնարավորություն տալու նպատակով»։
Էրեբունի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ռ․ Ավդալյան
Դեպքը լի է հակասություններով, որոնցից առաջնայինն այն է, որ որոշմամբ բառացիորեն ընդունվել է շանը քարշ տալու հանգամանքը, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է։ Առհասարակ, նշված որոշմամբ ներկայացված իրադարձությունները երգիծանք են հիշեցնում, այլ ոչ թե իրավապահ մարմնի կողմից կազմված փաստաթուղթ։
Հիշեցնենք, որ տեսանյութում երկու քաղաքացի մետաղյա շղթայով կենդանուն կապել են մեքենայից և նրան քարշ են տվել փողոցով։ Քաղաքացին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում մանրամասնեց, որ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի, Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում։ Վերջինս փորձել է միջամտել, սակայն մեքենայում գտնվող երկու տղամարդ դրսևորել են անհարգալից վարք, հնչեցրել են վիրավորանքներ և սպառնալիքներ և պատասխանել են՝ «լավ ենք անում»։