Դեռ նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանությունը՝ շանը մեքենայից քարշ տալու դեպքի մասին
Օրերս Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում տեղի ունեցած կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքը մտահոգեց ոչ միայն կենդանասեր հասարակությանը, այլև բազմաթիվ ՀՀ քաղաքացիների:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնեց, որ դեպքով դեռ նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ տեսանյութում երկու քաղաքացի մետաղյա շղթայով կենդանուն կապել են մեքենայից և նրան քարշ են տալիս փողոցով։ Նկարահանող քաղաքացին փորձել է միջամտել, սակայն մեքենայում գտնվող երկու տղամարդ դրսևորել են անհարգալից վարք, հնչեցրել են վիրավորանքներ և սպառնալիքներ և պատասխանել են՝ «լավ ենք անում»։
Միջադեպին արձագանքել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ գրելով. «Դարվինի էվոլյուցիայի ՝ գորիլայից-մարդ անցման փուլում խցանված էս սուբյեկտը Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից և շնչակտուր վազեցնում է:
Դիմում եմ Հայաստանի Ոստիկանապետին. այս հրապարակումս համարեք հայտարարություն հանցագործության մասին ու գտեք սրան:
Սա պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության: Իմ անձնական հսկողության տակ եմ վերցնելու էս գործը ու սրան ասում եմ ՝ դու տականք ես ու ես ամեն ինչ անելու եմ, որ Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ պատիժդ կրես:
Նայեք սրա դեմքին ՝ մինուս անսահմանություն դեգեներատիզմ ու Homo sapiens - ի հետ զրո առնչություն: Ու հանկարծ չասեք, թե էս ժանտախտի պահին ամենակարևորը շները չեն:
Որևէ պահի մարդը իրավունք չունի դառնալու անասուն:
Ներողություն եմ խնդրում գորիլաներից ու մնացյալ բոլոր անասուններից` համեմատության համար»:
Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը
1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: