«Հասկանու՞մ եք, չեմ կարող հավատալ պետական ձեռնասուն այս կառույցի անկեղծությանը...»

Բնապահպանության և դերքի տեսչական մարմինը հայտնում է. «2020 թվականի մարտի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի տեսուչները Ոստիկանության աշխատակակիցների հետ համատեղ Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում ստուգել են Երևան քաղաքի բնակիչ Վ.Հ.-ի կողմից վարած «Վոլվո» մակնիշի 07OF707 պետհամարանիշով ավտոմեքենա կցորդիչով՝ պետհամարանիշ 07Z707 ավտոտրանսպորտային միջոցը, որում հայտնաբերել են 30խմ հաճարենի տեսակի կողահատ տախտակ: Վարորդը փայտանյութի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն պատկանում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Ա.Ս.-ին:

Մեքենան և փայտանյութը տեղափոխվել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի առթիվ հանգամանքները ճշտվում են»:

Էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանը վերոնշյալ տեղեկատվությունը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Հասկանու՞մ եք, չեմ կարող հավատալ այսպես կոչված «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին» կոչվող պետական ձեռնասուն կառույցի անկեղծությանը... Որովհետև այս փայտանյութը մինչև կողահատ տախտակ դառնալը անցել է երկար շղթա. անտառից այն պետք է հասցվի սղոցարան, սղոցարանից պահեստ, հետո պահեստից առաքվի սպառողին... Բոլոր դեպքերում այդ տախտակները այլևս ծառ չեն դառնալու, եթե նույնիսկ ողջ շղթան բացահայտվի... Իսկ շղթայի կազմում անպայման, սեփական փորձից գիտեմ, մասնակից են ոստիկանությունը, բարձր զինվորականությունը, հնարավոր է, որ արդեն նաև վերը նշված «մարմինը»... Սա պատահականություն է, ուղղակի ինչ որ տեղ իրար չեն հասկացել շղթայի օղակները և խափանում է տեղի ունեցել: Մի բան է մնում հիմա. պետք է ինչ որ ձևով, հավանաբար թղթարարությամբ այդ փայտանյութը օրինականացվի, որովհետև անտառի թալանի հանցագործ շղթան պետք է շարունակի բարգավաճել ... Եվ վստահ եմ, որ ականատես կլինենք հերթական ծածկադմփոցին....»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում