Ի՞նչն է Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման պատճառը
Տիգրան Առաքելյան անունով օգտատերը համացանցում ահազանգ է հնչեցրել Սեաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման մասին և հրապարակել տեսանյութ:
Դեպքին արձագանքել է նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ գրելով. «Նախօրեին համացանցում հրապարակված Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ այսօր առավոտյան մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները, Ակունք համայնքի ղեկավարը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ միասին այցելել են ջրամբարի տարածք:
Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ՝ անկման պատճառները հասկանալու նպատակով: Կատարվում է լաբորատոր ուսումնասիրություն: Արդյունքները պարզվելուց անմիջապես հետո կտրամադրենք համապատասխան տեղեկատվություն»:
Նշենք, որ ջրամբարը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջին՝ 2000 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1983 թվականին։ Մակերեսը 0,45 կմ² է, խորությունը՝ 37 մ, ջրատարողությունը՝ 6 միլիոն մ³։ Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 297 մ, բարձրությունը՝ 40 մ։ Ջուրը բաց է թողնվում մինչև Զառ գետի հունը՝ խորքային ձագարաձև ջրընդունիչի և երկաթբետոնե սրահում տեղակայված մետաղական խողովակաշարի միջոցով, որտեղից ջուրը հիմնականում տրվում է աջ ափին կառուցված ոռոգման համակարգին։ Ջրթողքը 0,64 մ³/վ է։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Որովում է 1200 հա տարածություն։ 1,5 մլն մ³ ջուր տարեկան տրվում է Կոտայքի ջրանցքին։