«Փողոցային շնամարտերից» մինչև «նիվաներով տրյուկներ». անպատժելիության հետևանքները (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

Թեպետ, դեռ 2019թ.-ի հոկտեմբեր ամսին ԱԺ-ն ընդունել է Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվել է, այնուամենայնիվ ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները, այդ թվում՝ դրանց հրապարակումն ու տարածումը սոցիալական ցանցերի միջոցով շարունակվում է: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է հետևել ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և բարձրաձայնել խնդիրների մասին:

Երիտասարդների շրջանում հայտնի սոցիալական ցանցերից մեկում Կարեն Անտոնյան (karenantonyan0) անունով օգտատերը պարբերաբար բեռնել է տեսանյութեր, որոնք վկայում են Հայաստանում փողոցային շնամարտերի ամոթալի պրակտիկայի դեռևս գոյություն ունենալու մասին: Կենդանիների մարտերի իրականացումը ՀՀ-ում ոչ միայն անվերահսկելի է, այլև՝ անպատժելի, այն դեպքում, երբ կենդանիների մարտեր կազմակերպելու և իրականացնելու համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ: 

Բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզեցինք նաև, որ Կարեն Անտոնյան անունով օգտատերին հետաքրքրում են ոչ միայն ապօրինի շնամարտերը. վերջինիս նաև ոգեշնչում է ճանապարհային երթևեկության կանոնների կոպտագույն խախտումներով երթևեկությունը, որի հետևանքները երբեմն աղետալի են լինում: Օգտատերը սոցիալական հարթակ է բեռնել մեքենաներով «հնարքների» տեսանյութեր, որտեղ երևում են նաև մեքենաների պետհամարանիշները: 

Կարեն Անտոնյան անունով օգտատերը շնամարտերից պարբերաբար տեսանյութեր է բեռնել, որոնք սովորաբար ունեցել են բարձր դիտելիություն: Այսինքն, երևույթը ոչ միայն չի դատապարտվում, այլև՝ լայն տարածում է ստանում: Շնամարտերի վերջին թարմ տեսանյութերը բեռնվել են՝ 22.02.2020թ., 19.02.2020թ., 09.01.2020թ., 20.01.2020թ. և այլն, իսկ ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումների մասին վկայող տեսանյութերը՝ 23.08.2019թ., 21.07.2019թ.: 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է. «1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) առանձին դաժանությամբ, 3) մանկահասակի ներկայությամբ, 4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: 

Հիշեցնենք, որ 2019թ-ի դեկտեմբեր ամսին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հաջողվեց ձեռք բերել տեսանյութ, որտեղ շնամարտին մասնակից էր նաև ոստիկան: Փաստացի՝ պնդումները, որ շնամարտերը կամ այսպես կոչված «թեստավորումը» իրականացվում է ՀՀ իրավապահ մարմինների «հովանու ներքո», ապացուցվում են: «Թեստավորում» երևույթը, որն անդադար շահարկվում է դրա մասնակիցների կողմից, ոչ այլ ինչ է, քան հասարակ շնամարտ, ինչպես նաև՝ կենդանիների բուծման, առք ու վաճառքի շատ եկամտաբեր բիզնես, որն ինչ-որ «մութ» սխեմայով տարածվում է նաև երկրից դուրս, իսկ ՀՀ պետական մարմինները գաղափար չունեն տեղի ունեցողի մասին կամ պարզապես աչք են փակում ամենի վրա:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում