Ահազանգ. Սուր կլոր առարկայով ծակել են Սևոյի սիրտը...

Քաղաքացիները շարունակում են ահազանգել ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է «Գինոսի Ըփարթելս Ընդ Հոթելս» ընկերության տնօրեն Արեգ Գինոսյանը. «Սա մեր կողքի փողոցում նախկինում ապրող, ՀՈԱԿ-ի կողմից հաշվառման վերցված, մի շարք հարևանների կողմից շատ սիրված բայց նաև որոշների կողմից փաստորեն չսիրված Սևոն է, իր դին, և իր հերձման լուսանկարներից մեկը։

Սևոն եկավ մեր կողմերը անցած ամառ, մենք ընկերացանք, մեր հարևանը կերակրում էր, իսկ մենք իր բժշկական կարիքներն էինք հոգում։ Նա ապրում էր երջանիկ, մեր տնից աշխատանք տանող ճանապարհին, մեր հարևանի տան կողքին և ամեն օր ուրախ ուրախ մեզ ճամփում էր գործի, իսկ երեկոյան՝ տուն։ Նախանցած շաբաթ, հերթական անգամ դուրս եկա և Սևոյի հետ լավ խաղացինք, իսկ հաջորդ օրը նրա դին գտանք ճանապարհի կողքին, անպետք աղբի պես մի կողմ շպրտած։

Սկզբում կարծում էինք թե մեքենայի տակ է ընկել, բայց որ մոտեցանք ձեռք տվեցինք, նկատեցինք որ կրցքավանդակի վրա կլոր ծակ կա։ Տարանք կլինիկա հերձելու, որտեղ պարզվեց որ սիրտը խոցվել է հավանաբար սուր կլոր առարկայով, որը ծակել է սիրտը ձախ կողմից և դուրս է եկել սրտի աջ կողմից, վնասել է նաև թոքը և պատճառել Սևոյի մահը։ Հրազեն չի օգտագործվել։

Սա իմանալուն պես Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազ, Վիգեն Միլիտոնյանին հաղորդում գրեցի ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի հիմքով։ Հիմա սպասում ենք արձագանքի»:

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության: 

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում