Ահազանգ. առանձնակի և միտումնավոր դաժանություն կենդանու նկատմամբ (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:
Օրերս Երևանում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում մարդատար ավտոմեքենան միտումնավոր կերպով անցնում փողոցում պառկած շան վրայով:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը հայտնել է, որ կենդանին չափսերով մեծ էր, կշռում էր մոտ 40 կգ և հնարավոր չէր նրան չնկատել: Վիրավոր շունը տեղափոխվել է կենդանաբուժական կլինիկա, սակայն փրկել չի հաջողվել:
Ուշագրավ է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի և թիվ 42 մանկապարտեզի շրջակայքում: Տեղանքում մշտապես շրջում են մանկահասակ և դպրոցական երեխաներ:
Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը ենթակա է քրեական պատասխանատվության:
Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը
1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: