«Խփում են, թքում կապիկի վրա». լքված կապիկ` Վարդան Ղուկասյանի ռեստորանում (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ տարբեր քաղաքացիներից և ներկայացնել ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին տեղեկություններ: 

Այս անգամ ահազանգ է հնչել Գյումրի քաղաքից, որտեղ անմարդկային պայմաններում կապիկ է պահվում: «Գյումրիի այգում լքված ռեստորանի կողքին անտերության մատնված, անտանելի պայմաններում կապիկ է պահվում: Այսօր նկատեցի, որ խփում են անցորդները, թքում վրան... ինչպե՞ս կարելի է փրկել այս կենդանուն: Գյումրիի զբոսայգում՝ Օազիս ռեստորանի կողքին է»,- հայտնեց ահազանգող քաղաքացին:

Վերջինս նշեց նաև, որ խոսքը գնում է  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող ռեստորանի մասին:   

«Օազիս» ռեստորան, Գյումրի

«Այսօր տարօրինակ բան նկատեցի... ռեստորանը լքված էր, այսպիսի բան դեռ չէր եղել: Կապիկին կերակրում էին աշխատողները, բայց հիմա մարդ չկա այնտեղ: Ճագարներ էլ կայiն, բայց վանդակներն արդեն դատարկ են»,- մանրամասնեց քաղաքացին՝ ընդգծելով, որ կապիկն այժմ գոյատևում է «անցորդների տվածով»:

Ընդգծենք, որ «Օազիս» ռեստորանը հայտնի է բոլորին և պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայիս պատգամավոր Վարդան Ղուկասյանին: «Օազիս» ռեստորանը գտնվում է հանրային տարածք համարվող զբոսայգու տարածքում, որը «զավթել է» Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Անբերդ» ՍՊԸ-ը:

ՀՀ տարածքում մասնավոր տարածքներում անազատ պայմաններում բոլոր կենդանիները պահվում են ապօրինաբար՝ առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված անհրաժեշտ թույլտվության: 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդվածներից մի քանիսն անգամ լիովին բավարար են ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների խնդիրը լուծելու համար: Այն, որ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում Կառավարության կամքի և բավարար միջոցների բացակայության հետևանք է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտորեն անտեսվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի դրույթները, իսկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հաճախ չեն տիրապետում մասնագիտական տեղեկատվության և իրավական նորմերին: 

 

«Օազիս» ռեստորան, Գյումրի

Օրերս մամուլում հրապարակվեց նաև. «2012-ի հունիսի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի N1753 որոշմամբ «Անբերդ» ՍՊԸ-ին է օտարվել այգու 1270 քառակուսի մետր տարածքը՝ կառուցապատման, բարեկարգման, կանաչապատման, ատրակցիոն խաղերի տեղադրման համար։ Օտարման պահին «Անբերդ» ՍՊԸ-ի բաժնետերը Ղուկասյանների ընտանիքն է եղել՝ 50 տոկոսը պատկանել է Վարդան Ղուկասյանին, մյուս 50-ը՝ եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին»։ Զբոսայգու հողերի օտարումից հետո այնտեղ կառուցվել է Գյումրիի քաղաքապետին պատկանող «Օազիս» ռեստորանը։ 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ը սահմանում է. «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման»:  

Այսինքն, անհրաժեշտ է լիազորված մարմնի /Շրջակա միջավայրի նախարարություն/ թույլտվություն: Ավելի վաղ ՇՄՆ-ը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է՝ «Նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել»: Ելնելով վերոգրյալից փաստենք՝ ՀՀ բոլոր մասնավոր տարածքներում վայրի կենդանիներն անազատ պայմաններում ապօրինաբար են պահվում: 

«Օազիս» ռեստորան, Գյումրի

Այնուհետև «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը.

1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են»։

Նշված պարագայում խախտված են կենդանու կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառված չէ պահելու վայրից կենդանիների փախուստը:

Հոդված 27․2-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը.

1. Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»։

Նշված դեպքում վայրի կենդանիներ պահելու նպատակը չի կարող համապատասխանել օրենքով սահմանված նպատակներից և ոչ մեկին։ 

Այս դեպքում, կենդանուն սոված և առանց խնամքի թողնելը դիտվում է նաև որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք:

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը ենթակա է քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258.2 /Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ հստակ սահմանում է. «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում