Շրջանառության մեջ է դրվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Օրերս ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի և Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 

Մերի Գալստյանը մասնավորապես գրել է․ «Այն բոլորովին նոր մայր օրենքի նախագիծ է, որին լրացնում են հարակից յոթ օրենքների նախագծեր, մասնավորապես` կենդանիների նկատմամբ դաժան և արգելված գործողությունների համար վարչական և քրեական պատժամիջոցների մասով, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները սահմանող, Քաղաքացիական օրենսգրքում կենդանու նկատմամբ գույքային իրավունքների իրացման առանձնահատկությունների մասին և այլ իրավական կարգավորումներ: Նախագիծը լայն հանրային քննարկումներ է անցել, այդ թվում Երևանի քաղաքապետի, հասարակական կազմակերպությունների և ոլորտի փորձագետների հետ, սակայն եթե կլինեն այլ առաջարկներ, դիտարկումներ, անպայման հաշվի կառնենք: Շնորհակալություն նախագծի մշակմանը աջակցող բոլոր կողմերին: Շնորհակալություն նաև համբերության համար. խնդիրների համալիր ու ամբողջական օրենսդրական լուծումները աշխատատար են և ժամանակատար, բայց վստահաբար ծառայելու են իրենց նպատակին երկարաժամկետ կտրվածքով»:

Օրենքի նախագիծը մասնավորապես վերաբերվում է․ «Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների, ինչպես նաև գիտահետազոտական և գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները»:

Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ հղումով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում