Կենդանիներն անկել են արտաքին ներգործությամբ առաջացած վնասվածքների պատճառով․ ՍԱՏՄ
«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է օրերս Երևանի կենդանաբանական այգում անկած կենդանիների անասնաբուժական փորձարկման արձանագրությունները, որոնք ներկայացնում ենք ստորև․
«ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն:
Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ և այլն):
Նմուշներ էին վերցվել նաև մանրէաբանական հետազոտության համար: Շեղումներ չեն հայտնաբերվել»:
Հիշեցնենք, որ «Մեկ Առողջություն» կոալիցիան հրապարակել է նախնական կարծիք՝ Երևանի կենդանաբանական այգում կենգուրուների անկման հնարավոր պատճառների վերաբերյալ, որում ասվում է․ «Հասանելի տվյալների նախնական հետազատության և վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ Կենդանաբանական այգում երեք կենգուրուների անկումը չէր կարող պայմանավորված լինել այգու աշխատակիցների կողմից բռնած շների հարձակումով կամ այդ շների կողմից հասցված մարմնական վնասվածքներով»։