«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ստուգումներ են իրականացվում

Համացանցում շարունակում են տեղեկություններ հայտնվել Ողջի գետի կրկին աղտոտվելու մասին: «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունն ահազանգում է. «Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց պարզվել է, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում այդ հատվածում գործող փոքր ՀԷԿ-ի թունելից։ ՀԷԿ-ը որոշել էր ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով պոչանքով լցված իր թունելը մաքրել, որն էլ Ողջի գետի հերթական պղտորվելու պատճառ հանդիսացավ»: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ 

Քիչ առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է. «2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն:

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2019 թվականի հոկտեմբերի 28-ից իրականացվող ստուգումներն ընթացքի մեջ են:

Ստուգումների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Նշենք նաև, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում ևս իրականացրել է ստուգում, որի արդյունքում ընկերության տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների և մթնոլորտային օդի վրա ազդեցության հետևանքով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է 382.431.552 (երեք հարյուր ութսուներկու միլիոն չորս հարյուր երեսունմեկ հազար հինգ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում