Արծվանիկի պոչամբարի վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ․ մանրամասներ (ֆոտո)

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստ, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի սկզբում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքի մասին՝ ասելով․ «Մարզպետը զանգեց ու ներկայացրեց, որ Ողջի գետը գույնը փոխված է, դարչնագույնին մոտ գույն ունի և մարզում առկա բոլոր հնարավոր միջոցները մոբիլիզացվել են գնալ հասկանալու համար»։ 

Սուրեն Պապիկյանն ու Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեսակետ հայտնեցին, որ նախնական տվյալների համաձայն՝ խոսքը գնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ մասին։ 

Վարչապետը խոսքն ուղղել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ տեղեկանալու համար մանրամասներին․ «Ներկայումս տեղում քննչական գործողություններ են իրականացվում, մասնագետների մասնակցությամբ տարածքի զննություն է իրականացվում, վերջին պահին տեղեկացա, որ այնտեղ կա վնասված խողովակի հատված և աշխատանքներ են կատարվում, նախնականով հավանաբար այդտեղից է»։ 

Վերջինս նաև հայտնեց, որ դեպքի վայրի զննության արդյունքում կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ձայնի իրավունք խնդրեց և ուշագրավ տեղեկություն հայտնեց։ Ըստ նրա տեղեկությունների՝ շահագործող ընկերությունն առանց պետական մարմիններին տեղյակ պահելու վերականգնել է վթարի վնասները և չի հայտնել միջադեպի մասին։ «Առավոտյան ինձ զանգեցին, ասացին, որ իրենք են տեսել, ոչ մի աղմուկ չի եղել, դա թաքուն են պահել, չեն ասել, չեն զգուշացրել, որ այդպիսի դեպք է եղել և արագ վերականգնման աշխատանքներ են արել։ Խողովակներն արագ վերականգնել են, բայց աղտոտվախության չափն արդեն բնապահպանական խնդիր է»,- ասաց նա։ 

Քիչ առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է․ «Ս.թ. հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Վթարը վերացվել է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ: Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։

Վթարի պատճառներն ուսումնասիրվում են: Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում