Վիրավոր հազվագյուտ սև արագիլը՝ կենդանիների առևտրով զբաղվող կազմակերպությունում
Սեպտեմբերի 20-ին «Արփի լիճ» ազգային պարկ էր զանգահարել հարակից Ղազանչի գյուղի բնակիչը և տեղեկացրել, որ հայտնաբերել է թևից վիրավոր սև արագիլ։ Արագիլն այս տարվա ձագ է։ Սեպտեմբերի 21-ին թռչնի վերքը մշակվել էր ազգային պարկի աշխատակիցների կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։
Նախարարությունը հայտնում է նաև, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ խորհրդակցելուց հետո թռչունը տեղափոխվել է «Զօօ ֆաունա արտ» ընկերության վերականգնողական կենտրոն։ Կենտրոնում նախնական դիտարկումից հետո արագիլին կերակրել են և թևն անշարժացրել։ Այս պահին կենդանու վիճակը կայուն է։ Տեսչական մարմինը զբաղվում է կատարվածի հետաքննությամբ։ Վերքի պատճառները կպարզվի ռենտգենային ուսումնասիրությունից հետո, որը հնարավոր կլինի իրականացնել միայն թռչնի վիճակի կայունացումից հետո։ Հայաստանի հինգ մարզերում բնադրվում են սև արագիլի վեց զույգ, որոնցից մեկ զույգը՝ Շիրակի մարզում։
Սև արագիլը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ է։ Ըստ ԿԳ տվյալների՝ քիչ քանակությամբ նեղ տարածված տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ըստ նախնական գնահատման՝ Հայաստանում կազմում է 2-5 զույգ: Առնվազն 5 անհատ բնադրում է կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում: Վտանգման հիմնական գործոններն են բնադրավայրերի կրճատումը, ինչը կապված է խառն անտառների տարածքների կրճատման և անտառների նոսրացման հետ, հնարավոր է, նաև անհանգստացման գործոնը բնադրման շրջանում: Պահպանության միջոցառումներն են՝ գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում: Անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ մտցնել անտառային տարածքների օգտագործման կառավարման գործում, բնադրման շրջանում (ապրիլ-հուլիս) արգելել մարդկանց մուտքը անտառ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ կենտրոնը որտեղ տեղափոխվել է կարմիրգրքյան հազվագյուտ թռչունը զբաղվում է կենդանիների առևտրով, որտեղ նախատեսվում է նաև վագրերի բուծում իրականացնել, իսկ «Զօօ ֆաունա արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանը մշտապես հայտնվել է կենդանիների անօրինական առևտրի հետ կապված սկանդալային պատմությունների կիզակետում։