Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծին 1-ին ընթերցմամբ ԱԺ-ն կողմ քվեարկեց

«Մենք այսօր բոլորս միասին ամենաբարի գործն արեցինք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով այսօր ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծի ընդունման փաստին։

Վերջինս մանրամասնում է․ «Այս տարիների ընթացքում ես տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել, շատ կարևոր, շատ անհրաժեշտ, սակայն առաջին անգամ էր, որ սրտատրոփ նայում էի քվեարկության լուսատախտակին: Այս նախագիծը ես համարում եմ խորհրդարանի կողմից երբևէ ընդունած ամենակարևոր օրենքներից մեկը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս օրենքի ընդունմանը: Ապրեք բոլորդ: Ու վստահ եղեք, որ եթե անգամ մարդիկ երբևէ մոռանան ձեր արած որևէ բարի գործ, կենդանիները բարին երբեք չեն մոռանում»:

Առաջարկվող նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը: Նախագծով պատիժ է սահմանվում նաև կենդանիների մարտերի կազմակերպման ու իրականացման, անտուն կենդանիների այնպիսի հավաքի համար, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը:

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առանձին դաժանությամբ մանկահասակի ներկայությամբ 2 և ավելի կենդանիների ներկայությամբ, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 74 կողմ, 11 դեմ, 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 

Օրինագծին դեմ քվեարկողների ցանկում են «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ Արմեն Էդմոնդի Խաչատրյանը, Արտաշես Պետրոսի Պետրոսյանը, Կարեն Հովհաննեսի Համբարձումյանը, Սուրեն Սամվելի Գրիգորյանը, Հակոբ Կարապետի Սիմիդյանը, Մաթևոս Գոռի Ասատրյանը, Սեդրակ Ռազմիկի Թևոնյանը, Արեն Միքայելի Մկրտչյանը, Տիգրան Գոռի Կարապետյանը, Վարդան Նելսոնի Աթաբեկյանը և Վահե Սահակի Հովհաննիսյանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում