«Գորշուկն ընկել է մեքենայի տակ, որն էլ մորթել և իր հետ տարել է տուն»․ ՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է օրերս Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքում հրապարակված «Ահազանգ, հերթական որսագողը Գորիսից» վերնագրով հոդվածի «հերոսին»: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով բաժին է հրավիրվել Ակներ գյուղի 24-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով բարեկամների հետ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղից Գորիս վերադառնալու ճանապարհին գորշուկն ընկել է մեքենայի տակ, որն էլ մորթել և իր հետ տարել է տուն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»:
Հիշեցնենք, որ համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Գորիսի բնակիչ Վարդան Առաքելյանն օգոստոսի 25-ին լուսանկարներ է հրապարակել սպանված գորշուկը (Meles meles) ձեռքին: