Խոշոր հրդեհ՝ «Խոսրովի անտառ» արգելոցի ճանապարհին (ֆոտո)

Թարմացում*. oգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել:

Հրդեհը մարվել է ժամը 11:08-ին: Այրվել է մոտ 50 հա բուսածածկ տարածք: Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 24 փրկարար:

«Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 10:30-ի դրությամբ այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք»,- այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Տեղեկանում ենք նաև, որ աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով: Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում:

Հրդեհաշիջման աշխատանքներում մասնակցություն են ունենում նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները, որոնք տեղում պայքարում են կրակի դեմ: Ինչպես հայտնել է հիմնադրամը՝ ռենջերների համար մեծ օգնություն է հակահրդեհային մեքենաների օգտագործումը, որը նվիրաբերվել է Վիվա-Սելլ ՄՏՍ-ի կողմից: 

ԱԻՆ-ը մանրամասնում է նաև. «Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

Նշենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքը պահպանվում է FPWC հիմնադրամի կողմից, ուստի այս պահին անչափ կարևոր է թույլ չտալ, որպեսզի հրդեհը տարածքվի նաև արգելոցի տարածքում, ինչը տեղի ունեցավ 2017թ.-ին: 

Ինչպես հայտնել էր ԱԻՆ օդերևութաբանական ծառայությունը՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Միքայելյանը գրել է. «Քիչ առաջ խոսեցի Խոսրովի Անտառ Պետական Արգելոց -ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի և Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Խոսրովի անտառի մերձակայքում և Հերմոն գյուղում օգոստոսի 23-ին բռնկված հրդեհները։»

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում