Ինչպես է արջի քոթոթը հայտնվել Դիլիջանի հյուրանոցներից մեկում (տեսանյութ)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ տարբեր քաղաքացիներից և ներկայացնել ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին տեղեկություններ:
Այս անգամ քաղաքացի Նարինե Բալդրյանն ահազանգում է Դիլիջան քաղաքում գտնվող «Սենո» հյուրանոցի տարածքում հայտնաբերված արջի քոթոթի մասին: Քաղաքացին 01.08.2019թ.-ին իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում փոքր արջի քոթոթ էր պտտվում։ Իրենց ասելով հենց նոր էր եկել փողոցից, հետո պարզվեց, որ առավոտյան ա իրա ոտքով եկել, հետո 2 օր դարձավ ու եկել էր գետի կողմից, բայց հավանաբար 2 օրից ավելի շատ է գտնվել իրենց մոտ, որովհետև սովոր էր հյուրանոցի տիրոջը և կպած հետևից գնում էր»:
Քաղաքացին ահազանգել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ինչից հետո կենդանին տեղափոխվել է «Դիլիջան» ազգային պարկի տարածք:
Քաղաքացու կողմից բեռնված տեսանյութի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ արջի ձագը մարդամոտ է և հավանաբար մարդկանց շրջապատում է գտնվել երկար ժամանակահատված: Նման պայմաններում կենդանին գրեթե դարձել է ձեռնասուն և չի կարող գոյատևել վայրի բնության մեջ:
Արդեն այսօր՝ օգոստոսի 2-ին «Դիլիջան» ազգային պարկի ֆեյսբուքյան էջում հրապարկվեց լուսանկար, որտեղ քոթոթը գտնվում է պարկի գրասենյակային տարածքում, ինչն անթույլատրելի է, քանի որ արջը հանդիսանում է վայրի գիշատիչ կենդանի, որի տեղը վայրի բնության մեջ է և նման շփումը մարդկանց հետ էլ ավելի է բարդացնում իրավիճակը:
Քոթոթը՝ «Դիլիջան» ազգային պարկում
Իսկ թե ինչպես է արջի քոթոթը հայտնվել «Սենո» հյուրանոցի տարածքում և նման կապվածություն ցուցաբերել հյուրանոցի սեփականատիրոջ նկատմամբ, պետք է պարզի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, անհրաժեշտության դեպքում ՀՀ ոստիկանության հետ համատեղ:
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:
Դեռևս անհասկանալի հանգամանքներում ՀՀ-ում մարդու կողմից ընտելացված արջերի թվաքանակը ավելացավ ևս մեկով, այն դեպքում, երբ Հայաստանի տարբեր վայրերում դեռևս բանտարկված են մնում գրեթե 50 արջեր: Այս քոթոթը իր բնականոն կյանքին վերադառնալու և վայրի բնության մեջ ապրելու համար պետք է անցնի վերականգնողական թերապիա, ինչից հետո նոր կենդանուն բաց թողելու որոշում կայացվի:
Մեր տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 2-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով կենդանին արդեն իսկ տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կսկսվեն արջի բնազդների վերականգնման աշխատանքները:
Հիշեցնենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: