Աղվեսի ձագեր վաճառելու տեղեկության հետքերով
Հունիսի 10-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն էր ստացվել Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Նարեկի կողմից «www.List.am» էլեկտրոնային կայքում առցանց աղվեսի ձագեր վաճառելու մասին:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ Գուգարք գյուղի 78-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով բռնել է աղվեսի 4 ձագ, որոնք պահում է տանը կից օժանդակ կառույցում: Պարզվել է նաև Նարեկի ինքնությունը. Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը հարազատական կապ չունի տարեց տղամարդու հետ և նրա հայտնած այն տեղեկությունները, որ աղվեսի ձագ է վաճառել Արարատի մարզի մի բնակչի, իրականությանը չեն համապատասխանում: Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ ահազանգել է վերոնշյալ դեպքի մասին: Նարեկ անունով օգտատերը մեզ հետ զրույցում նշել է. «Երկու հատ ա մնացել: Ձեզ քանի՞ հատ էր պետք, հնարավոր ա էլի լինի: Կիրովական ա, հնարավոր ա երբ գալուց լինեմ, բերեմ: Նորմալ կեր են ուտում էլի, կաթից կտրված են, նորմալ կատվի չափով, ճիշտն ասած չգիտենք քանի ամսեկան են, մենք ուղղակի բռնել ենք, մերը չկա, անտառից ենք բռնել: Հատը 7000 դրամ: Մենք հավի ոսկորներից ենք առնում տալիս, տան ճաշից, շան նման ենք պահում էլի: Մի 10 օր ա էլի մեր մոտ են»: