Ոստիկանությունը՝ բնությունից բռնված գիշատիչ թռչունների վաճառքի մասին
Օրերս «Econews.am» բնապահպանական կայքում հրապարակվել էր «Ահազանգ. վայրի բնությունից բռնված գիշատիչ թռչուններն ազատ վաճառքի առարկա» վերնագրով հոդվածը, ըստ որի՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Մհեր Աղաջանյանը վաճառում է բու տեսակի թռչուն՝ 1 հատը 10.000 դրամով և ասում, որ այն բռնել է անտառներից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մհեր Աղաջանյանը հրավիրվել է բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ մայիսի 22-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց բակում գտնվող կիպարիս տեսակի ծառի տակ հայտնաբերել է ծառի վրա գտնվող թռչնի բնից ընկած 2 հատ բվի ձագ, և իր անվամբ գրանցված կայքէջում վաճառքի հայտարարություն է տեղադրել՝ բուի յուրաքանչյուր ձագի համար սահմանելով 10.000 դրամ գին: Սակայն մայիսի 24-ին համացանցում կարդալով «Հայկական բնապահպանական ճակատ» խմբի քննարկումներն իր հայտարարության վերաբերյալ, և գիտակցելով իր արարքի լրջությունը՝ նույն օրը թռչուններին բաց է թողել բնության գիրկը՝ նշված գործընթացը տեսանկարահանելով բջջային հեռախոսով: Նախապատրաստվում են նյութեր: