Տեսչական մարմինը հակագիտական տվյալներ է ներկայացնում. կարմիրգրքյան արջերը՝ սարսափելի պայմաններում (տեսանյութ)
Հերթական անգամ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումները չեն համընկնում միմյանց հետ:
Մալաթիա-Սեբաստիա, Սվաճյան 44/1 բնակելի տան տարածքում պահվող երկու գորշ արջերի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, միաժամանակ արջերի պահման օրինականությունը պարզելու նպատակով դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության գրության՝ «Բնապահպանության նախարարությունը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան 44/1 հասցեում անազատ պայմաններում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն չի տրամադրել»: Սակայն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները, ավելին՝ ԲԸՏՄ ղեկավարի ժպ Իգոր Սարգսյանի ստորագրությամբ ուղարկված գրությունը, մեղմ ասած, անընդունելի է տեսչական աշխատանքներ իրականացնող մարմնի տեսանկյունից:
Գրության մեջ մասնավորապես ասվում է. «... տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվել է զննում Հ. Սվաճյան փողոցի 44/1 հասցեում։ Զննման ընթացքում պարզվել է, որ երկու արջերը պահվում են ազատավանդակի մեջ։ Արջերից մեկը արու է, մյուսը՝ էգ, ունեն խնամված, մաքուր տեսք։ Ազատավանդակն ունի կոյուղագիծ, վանդակները լվացվում են։ Կենդանիները կերակրվում են մրգերով, բանջարեղենով, կաղինով և մսով։ Ազատավանդակն ունի նաև ձմեռանոցներ։ Կենդանիներին պահող Վարդան Վոլոդյայի Վարդանյանը ներկայացրել է արջերի ձեռքբերման փաստաթուղթ, համաձայն որի կենդանիները իր կողմից բնությունից վերցված չեն»:
Նշենք, որ ի սկզբանե, նման պայմաններում գիշատիչ կենդանի պահելը պարզապես անթույլատրելի է թե՛ կենդանու բարեկեցության, թե՛ բարոյական, թե՛ առողջապահական, թե՛ կենդանասիրական և մարդասիրական ու թե՛ մարդկանց անվտանգության տեսանկյունից: Ապահովված չեն կենդանու բարեկեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները, ինչպես նաև ռիսկի տակ է դրված կենդանուն «խնամող» քաղաքացիների, ինչպես նաև նշված հասցեի հարակից տարածքներում բնակվող քաղաքացիների անվտանգությունը: Առավել ևս դժվար է պնդել, որ կենդանիները ունեն խնամված, մաքուր տեսք, վանդակները լվացվում են, իսկ նշված տարածքն «ազատավանդակ» անվանելը պարզապես զավեշտալի է, ինչն ակնհայտ է հրապարակված տեսանյութում:
ԲԸՏՄ գրությամբ նշվում է, որ աշխատակիցներին ներկայացվել է արջերի ձեռքբերման փաստաթուղթ, այնինչ, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է անազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվության անհրաժեշտությունը, ինչը գոյություն չունի:
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ը սահմանում է. «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման»:
Նույն օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը»:
Չնայած, սույն օրենքում առկա բազմաթիվ բացերին, այնուամենայնիվ այն հնարավորություն է տալիս որոշ չափով կանոնակարգել նման դեպքերը, ինչը ԲԸՏՄ լիազորությունն է:
Ընդգծենք նաև, որ ԲԸՏՄ կողմից ստացված գրությունը նաև հակագիտական տվյալներ է պարունակում: Գրությամբ մասնավորապես ասվում է. «Հայտնում եմ նաև, որ անազատության մեջ պահվող արջերի խնդիրը կարիք ունի համակարգված լուծման, քանի որ վայրի բնության մեջ վերջին տարիներին արջերը շատ են բազմացել և բնակչությանը վնաս ու անհանգստություն են պատճառում, իսկ կենդանաբանական այգիներում կամ կենդանիների վերականգնողական կենտրոններում սահմանափակ քանակի արջեր կարող են պահվել։
Տեղեկացնում եմ նաև, որ տարբեր մակարդակներում քննարկումներ են իրականացվում իրավիճակը կարգավորելու նպատակով»։
Ընդգծենք, որ ՀՀ կենդանիների կարմիր գիրքը, որը մշակվել է Հայաստանի գիտական կառույցների ներկայացուցիչների կողմից, փաստում է. «Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը»:
Այսպիսով, փաստենք, որ ԲԸՏՄ կողմից տրամադրված սույն գրությունը պարունակում է հակագիտական տվյալներ, հակասում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքին և դեմ է կենդանու բարեկեցության պահանջներին:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կշարունակի բարձրաձայնել խնդրի կարևորության մասին՝ դիմելով նաև իրավապահ մարմիններին: