ՀՀ տարածքով 30 հատ կապիկ կտեղափոխվի. Հայաստանը «ծառայում» է կենդանիների առևտրով զբաղվողների շահերին
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է տարանցիկ երկիր հանդիսանալ կենդանիների առևտրով, շահագործմամբ զբաղվող անհատների և կազմակերպությունների համար: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից իրականացված գրավոր հարցման արդյունքում պարզվել է, որ շուտով ՀՀ տարածքով Ղազախստանի Հանրապետություն կարտահանվի 30 հատ կապիկ:
2019թ.-ի հունվար ամսին Շրջակա միջավայրի նախարար (Բնապահպանության նախարար) Էրիկ Գրիգորյանի ստորագրությամբ «Ստակրիս» ԱՁ-ին տրվել է ՀՀ տարածքից Ղազախստանի Հանրապետություն՝ 30 հատ կապիկի վերաարտահանման թույլտվություն: Նախարարության կողմից մեզ տրամադրված ՍԻԹԵՍ հավաստագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ Ղազախստանի Հանրապետության Ալմաթա քաղաքում գրանցված «Ստակրիս» ԱՁ-ն նախատեսում է ՀՀ տարածքով 3 խմբաքանակով (ընդհանուր թվով 30, 10-ական, հղում 1, հղում 2, հղում 3) վերվետ (Chlorocebus pygerythrus/Vervet monkey) ենթատեսակի կապիկ վերաարտահանել: Որպես կապիկների ծագման երկիր նշվում է Սուդանը, ծագման աղբյուրը՝ վայրի բնությունից վերցված (W/ Specimens taken from the wild), գործարքի նպատակը՝ բուծում կամ արհեստական բեղմնավորում անազատ պայմաններում (B/Breeding in captivity or artificial propagation): Կենդանիները վայրի բնությունից վերցվել են 12.06.2017թ.-ին և նախկինում չեն վերաարտահանվել:
Թույլտվությունը տրամադրվել է 2019թ.-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում արտահանելու նպատակով, իսկ իրականացվել է արդյո՞ք կենդանիների վերաարտահանումը փորձեցինք պարզել ՊԵԿ-ից: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին գնդապետ Վարդան Մաթևոսյանի ստորագրությամբ ստացված գրության համաձայն՝ «ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում «Ստակրիս» ԱՁ-ի կողմից նշված ժամանակահատվածում կապիկներ վերաարտահանելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»:
Ուշագրավ է, որ Ղազախստանի Հանրապետությունում գրանցված «Ստակրիս» ԱՁ-ի մասին որևէ տեղեկություն պարզել չհաջողվեց. տեղեկություններ առկա չեն անգամ համացանցում, տարբեր սոցիալական հարթակներում և այլն: «Ստակրիս» ԱՁ-ի գործունեության մասին մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով դիմեցինք կրկին Շրջակա միջավայրի նախարարություն (Բնապահպանության նախարարություն), որպես թույլտվություն տրամադրող մարմին: Ի պատասխան «Ստակրիս» ԱՁ մասին մեր կողմից պահանջված առկա ամբողջական տեղեկատվության, մասնավորապես՝ պետական ռեգիստրի վկայականի և կանոնադրության տրամադրման, ԲՆ հայտնել է. «... ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշմամբ հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում նշված չէ, որ պետք է ներկայացվի պետական ռեգիստրի վկայական և/կամ կանոնադրություն:
Ձեզ անհրաժեշտ տեղեկությունը կարող եք ստանալ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից»։
Նշենք, որ ԲՆ-ը տրամադրված առաջին գրությամբ հայտնում է, որ նշված ԱՁ-ն գրացված է Ղազախստանի Հանրապետությունում, երկրորդ գրությամբ խորհուրդ է տալիս այլ պետությունում գրանցված ԱՁ-ի մասին տեղեկություն ստանալ ՀՀ արդարադատության նախարարությունից: Փաստացի, այլ պետությունում գրանցված ԱՁ-ն, որի գործունեության մասին ոչինչ հայտնի չէ, ստացել է ՀՀ տարածքով 30 հատ կենդանի կապիկ վերաարտահանելու ՍԻԹԵՍ հավաստագիր, ուստի կարելի է պնդել, որ ՀՀ-ը շարունակում է տրանզիտ զոնա մնալ կենդանիների առևտրով զբաղվող անձանց համար:
Chlorocebus pygerythrus/Vervet monkey
Հավելենք, որ Հայաստանում կենդանիների առևտրով զբաղվող հիմնական գործող անձինք շարունակում են նույնը մնալ և հայտնի են կայն շրջանակների թե երկրի ներսում, թե՝ դրսում:
Այս կոնտեքստում ՀՀ-ը պարբերաբար հայտնվում է միջազգային սկանդալների կիզակետում, ինչն ավելի է իջացնում պետության վարկանիշը: Նման միջադեպերը հաճախակի բնույթ են կրում ՀՀ-ից ՌԴ արտահանվող կենդանիների, հատկապես՝ կապիկների դեպքում: 2018թ.-ին ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսսելխոզնադզոր) իր պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակել Հայաստանից կենդանիների (թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակների) ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով: Հետագայում հստակեցվել էր, որ արգելքը վերաբերում է միայն պրիմատներին (կապիկներին):
Արգելքի սահմանմանը նախորդել էր ՌԴ-ում կապիկների տեղափոխման հետ կապված սկանդալային պատմությունը: 2018թ.-ի փետրվար ամսին Դոնի Ռոստովի տարածքում առգրավվել է կապիկներ (ի դեպ նույն ենթատեսակի՝ վերվետներ/Chlorocebus pygerythrus/ Vervet monkey) տեղափոխող բեռնատար, որը, ըստ նախնական տվյալների և առկա փաստաթղթերի, կապիկներին Սոչիից տեղափոխում էր Մոսկվա: Սակայն, քննության ընթացքում պարզ է դարձել, որ կապիկները կենդանի ապացույցներ են հանդիսանում կենդանիների մաքսանենգության գործում, ավելին՝ կենդանիները պետք է օգտագործվեին բժշկական փորձարկումների համար, որոնցից մարդկային կյանքեր են կախված: Պարզվել է նաև, որ կենդանիները ՌԴ են բերվել Հայաստանից, իսկ տեղափոխմամբ է զբաղվել Էդուարդ Խաչատուրյան անունով քաղաքացին, որը կենդանիների առևտրով զբաղվող մի քանի տարբեր ընկերություններ ունի: Ըստ երևույթին կապիկները ՀՀ են բերվել անօրինական ճանապարհով: Քննության հետագա ընթացքը ցույց է տվել, որ խոսքը գնում է լուրջ գումարների մասին, որի շնորհիվ էլ կենդանիների անօրինական առևտուրը շարունակում է զարգանալ:
Ուշագրավ է, որ բոլորովին վերջերս ՀՀ ԱԱԾ կողմից բացահայտվել է խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը, որն ուղղակիորեն կապվում է կենդանիների առևտրի սխեմայի հետ: Ձերբակալվել է ՍԱՏՄ աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Հենց այս տեսչությունն է պատասխանատու դեպի ՀՀ և ՀՀ-ից այլ երկրներ կենդանիների տեղափոխման համար անհրաժեշտ թույլտվությունների և փաստաթղթերի տրամադրման համար: Վերջինս իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, ինչից հետո էլ ձերբակալվել է:
Արտյոմ Վարդանյան, Արթուր Խաչատրյան
Հիշեցնենք, որ կապիկների առևտրի գործով 2016թ.-ին աղմկահարույց պատմության կիզակետում է հայտնվել «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը. Կիլիմանջարո միջազգային օդանավակայանում ձերբակալվեցին եղբայրներ, 52-ամյա Արտյոմ և 46-ամյա Էդուարդ Ալիկի Վարդանյաններին, որոնք փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 61 կապիկ։ Վերջիններս մեղադրվել են նաև տնտեսական սաբոտաժի մեջ: Արտյոմ Վարդանյանը պատմել էր, որ այդ կապիկները իրեն չեն պատկանել, այլ իր ընկեր, «Զօօ ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանինն են եղել: Ինքն ընդամենը փորձել է օգտակար լինել և օգնել տեղափոխման հարցում: Եղբայրները բանտում որոշակի ժամանակահատված անցկացնելուց հետո ազատ են արձակվել:
«Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ վարդանյանը և «Զօօ ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանը մինչ այժմ շարունակում են կենդանիների բիզնեսով զբաղվել և օգտագործել կենդանիներին որպես զվարճանքի միջոց: