Ահազանգ. Վայրի բնությունից բռնված գիշատիչ թռչունները՝ ազատ վաճառքի առարկա (ֆոտո)

Առցանց վաճառքի կայքերում և սոցիալական հարթակներում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են անկառավարելի ու անվերահսկելի մնալ: Հատկապես աչքի են ընկնում, կենդանի կենդանիների, դրանց արգասիքների, խրտվիլակների ազատ և անթաքույց առք ու վաճառքի դեպքերը: Դրանք չեն կարգավորվում ոչ միայն օրենսդրական ակտերով, այլ հաճախ անտեսվում են նաև իրավապահ մարմինների կողմից:

Նշված կայքերում հաճախ կարելի է հանդիպել ապօրինի գործողությունների մասին վկայող հայտարարությունների: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարբերաբար ահազանգում և իրավապահ մարմիններին է ներկայացնում այդպիսի դեպքեր: Նման կայքերից մեկում հայտնաբերեցինք քաղաքացու, ով վաճառում է, իր բնորոշմամբ՝ կենդանի «բու»: Վերջինիս հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքացին վաճառում է վայրի բնության միավոր հանդիսացող ու իր կողմից բռնված կենդանիների:

Հնարավոր «հաճախորդի» հետ զրույցի ընթացքում Մհեր Աղաջանյան անունով քաղաքացին շահագրգռված մանրամասներ էր ներկայացնում. «Երկու հատ են, մեկը 2 օր առաջ եմ բռնել, մեկն էլ էսօր... Ալավերդիում եմ: Ձագեր են, բայց շատ են մեծ: Մեկը թեթև վնասվածք ունի... հիմա ուզում եք, թե՞ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Մհեր Աղաջանյան անունով քաղաքացին նշեց, որ յուրաքանչյուր թռչունը վաճառում է 10 000 դրամով: Լրագրողի հարցադրմանը, թե արդյո՞ք վերջինս կկարողանա, օրինակ՝ 5 հատ բռնել ու վաճառել, վերջինս ասաց. «Չէ հլա որ 2 հատ են, չեմ կարա խոստանամ: Էսի հենց որ առան էլի կարողա բռնեմ»:

Լուսանկարներում ցուցադրվող թռչունն ականջավոր բու / Asio otus/ է, նստակյաց է, Հայաստանում քիչ տարածված: Մարմնի երկարությունը 35-37 սմ է, թևերի բացվածքը՝ 90-100 սմ, կենդանի զանգվածը՝ 240-330 գ, էգերը խոշոր են արուներից։ Բացառապես գիշերային թռչուն է, ցերեկը հանգստանում է ծառի բնին մոտ ճյուղերին կամ խիտ սաղարթում։ Բնակվում է նոսրանտառներում, գետաձորերում, մեկուսի պուրակներում, զբոսայգիներում։ Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով։

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:

Բացի վերոնշյալ օրենքում առկա կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման բազմաթիվ կարգավորումներին ու սահմանափակումներին, նշենք նաև, որ «Որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով վերոնշյալ կենդանատեսակի որսը թույլատրված չէ:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ վայրի թռչունները հանդիսանում են տարբեր վարակների, հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզ, կրողներ ու տարածողներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում պատշաճ եղանակով չի իրականացվում նաև կենդանական աշխարհի օբյեկտների շրջանում տարածված հիվանդությունների մոնիթորինգ և ուսումնասիրություն, ապա վայրի բնության մասնիկների նման ապօրինի օգտագործումը կարող է նաև ռիսկեր պարունակել մարդկանց համար:

Առաջնորդվելով անձնական տվյալների գաղտնիության պահպանման սկզբունքով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը չի հրապարակում օգտատերի տվյալներն ամբողջությամբ (հեռախոսահամար), սակայն դրանք կտրամադրի իրավապահ մարմիններին:

Հավելենք, որ ականջավոր բուն բնադրում է փետրվարի վերջից՝ ագռավի կամ կաչաղակի հին բևերում, ծառերի փչակներում կամ անտառի նոսր հատվածներում։ Բույնը սարքում է չոր ճյուղերից։ Մարտ-ապրիլին դնում է 42 մմ տրամագծով, սպիտակ 3-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 26-27 օր։ Հունիսի 1-ին կեսից 5-6 շաբաթական ձագերը թռչում են բնից, ապա նորից վերադառնում և մի քանի օր անց վերջնականապես լքում այն։ Հայաստանում համարվում է անտառաբնակ նստակյաց թռչուն։ Տարածված է ամենուր, ձմռան շրջանում կենտրոնանում են Արարատյան հարթավայրի այգիներում և գետափերի ծառերի պուրակներում։ Բնադրվում է ագռավների, կաչաղակների և գիշատիչ թռչունների հին բներում, առանձին դեպքերում ծառերի փչակներում, նախապատվությունը տալիս է անտառների ոչ խիտ հատվածներին։ Բացարձակ գիշերային թռչուն է, ցերեկը թաքնվում է ծառերի խիտ ճյուղերում։ Ձայնը խուլ է և ողբալի։ Աշնանը կազմում են 15-20 անհատներից բաղկացած երամներ։ Սնվում է հիմնականում մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով։ Արարատյան հարթավայրում բնադրվողները սնվում են անտառային մկներով և ճնճղուկներով։ Չափազանց օգտակար թռչուն է։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում