Սարսափելի պայմաններում պահվող արջը քաղաքացու մոտ է հայտնվել ՊՆ-ից (տեսանյութ)

Օրերս Արարատի մարզի Արտաշատ քաղաքում պահվող կարմիրգրքյան գորշ արջը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, ինչպես նաև Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) աջակցությամբ տեղափոխվեց Ուրցաձորում գտնվող փրկարար կենտրոն: Կենդանին 5 տարի շարունակ պահվել է նույն վանդակում՝ սարսափելի պայմաններում:

Արջի «խնամակալ» հանդիսացող քաղաքացին նշեց, որ կենդանին մոտ 9-10 տարեկան է, իրենց մոտ է հայտնվել մոտ 5 տարի առաջ՝ Պաշտպանության նախարարությունից: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց քաղաքացին՝ այն ժամանակ արջին ՊՆ-ից բերել են «բնապահպանները»: Այս մասին մանրամասն տեղեկություններ քաղաքացին չցանկացավ տրամադրել:

Հիշեցնենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում