Հերթական կարմիրգրքային բույսն է հայտնվել ծաղկավաճառների սեղանին

«Հերթական կարմիրգրքային բույսի՝ Վարդատերեփուկ մուշկայինի ծաղիկներն են հայտնվել ծաղկավաճառների վաճառասեղանին... Իսկ Բնապահպան նախարարությունում քնած են... Կարևորը, որ կառավարության որոշմամբ այդ բույսի մի առանձնյակի ոչնչացումը տուգանվում է 5000 դրամով... Փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, փաստաթղթերով քայլում ենք աշխարհի հետ...»,- գրում է էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանը: 

Նշենք, որ ավելի վաղ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն անդրադարձել է ՀՀ-ում ծաղիկների և բույսերի հավաքչության, վաճառքի գործընթացների նկատմամբ վերահսկողության բացակայության մասին: Ընդամենը մի քանի ամիս առաջ հանրապետության ամբողջ տարածքում վաճառվում էին «դեղին ձնծաղիկներ», որն իրականում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակն է: Բուսատեսակի հավաքչության և վաճառքի նկատմամբ ամբողջովին բացակայում է վերահսկողությունը, այնինչ Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակի մեկ հատին պատճառված վնասի փոխհատուցումը հաշվարկվում է 25 000 դրամ, իսկ ընդամենը մեկ փունջի համար հնարավոր է անգամ քրեական պատասխանատվության ենթարկել: 

Վարդատերեփուկ մուշկայինը /Amberboa moschata/ վտանգված տեսակ է: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանում, որտեղ աճում է թեև սահմանափակ տարածքում, սակայն շատ առատ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ. կմ-ից պակաս: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3՝ կրճատվող տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ: Հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից (Երևանի շրջակայք): EOO՝ 560 քառ. կմ, AOO՝ 100 քառ. կմ: Լոկալիտետները՝ 3: Բացի Հայաստանից աճում է Նախիջևանում և Հյուսիսարևելյան Անատոլիայում: 

Կարմիր գրքի տվյալների համաձայն, սահմանափակող գործոններն են սահմանափակ տարածման և բնակության շրջանները, աճելավայրերի կորուստը կամ դեգրադացիան կապված հողերի յուրացման հետ: Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում