Ահազանգ. գիշատիչ թռչունը՝ կրկին «խաղալիք» մարդու ձեռքերում (ֆոտո)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal Lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
Այս անգամ մարդու ձեռքերում է հայտնվել և դարձել լուսանկարի «գլխավոր հերոս» կրկին գիշատիչ թռչուն: «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը հայտնեց, որ լուսանկարում տափաստանային ճուռակ (Buteo rufinus) է, որը որսատեսակ չհանդիսացող կենդանի է, և տվյալ կենդանու որսը թույլատրված չէ: Տեսակը ՀՀ-ում լայնորեն տարածված է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով: Տափաստանային ճուռակները հաճախ որսագողերի զոհ են դառնում, ինչպես նաև հանդիսանում են խրտվիլակային բիզնեսի օբյեկտներ: Հայաստանում տվյալ բիզնեսի օբյեկտներից շատերը գիշատիչ թռչուններ են:
Տափաստանային ճուռակ/Buteo rufinus
Ի դեպ, լուսանկարում պատկերված թռչնի արտաքինից կարելի է ենթադրել, որ կենդանին հավանաբար դեռ ողջ է: Լոռու մարզի Տաշիր քաղաքի 21-ամյա բնակիչ, «A X H» անունով օգտատերը լուսանկարը համացանց է բեռնել 2018թ.-ի փետրվար ամսին: Վերջինս լուսանկարը բեռնել է «OXOTA» կոչվող ալբոմում, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ կենդանին ապօրինի որսի զոհ է դարձել:
Մեկ այլ մասնագետ Սիրանուշ Թումանյանը մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ գիշատիչ տափաստանային ճուռակը տարբեր եղանակներով կարող էր հայտնվել նշված քաղաքացու ձեռքերում. հնարավոր է թռչնին որսացել են որևէ թակարդով, թռչունը եղել է թուլացած, հիվանդ կամ գտնվել է չուի շրջանում: Կարող են թռչնին որսալու նաև տարբեր պատճառներ գոյություն ունենալ:
Ամեն դեպքում «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:
Անգամ, եթե նշված դեպքը չդիտարկվի ապօրինի որսի տեսանկյունից (լուսանկարվելուց հետո կենդանու ճակատագիրն անհայտ է), ապա կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելն ակնհայտ է: Բացի այդ, սույն գործողությամբ քաղաքացին նաև ազդեցություն է ունեցել էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման վրա:
Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:
92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
Քարակզաքիս/Mustelidae
Տաշիր քաղաքի բնակիչը նաև այլ լուսանկարներ է հրապարակել: 2014թ.-ին հրապարակված լուսանկարներից մեկում քարակզաքիս (Mustelidae) է, որը կզաքիսայինների ընտանիքից գիշատիչ կաթնասուն է, որսատեսակ չի հանդիսանում և նրա նկատմամբ որսի իրականացման համար թույլտվություն սահմանված չէ: Քարակզաքիսը կզաքիսների միակ տեսակն է, որը չի վախենում ապրել մարդկային բնակավայրերի մոտ։ Սնվում է կրծողներով, սողուններով, երկկենցաղներով, միջատներով, թռչուններով և նրանց ձվերով ու ձագերով, նաև բուսական կերով։ Մորթին արժեքավոր է։
Ճքճքան մրտիմն/Anas querquedula
Սիրանուշ Թումանյանը նշեց նաև, որ ստորև ցուցադրված լուսանկարում ճքճքան մրտիմն (Anas querquedula) է: Բնադրում է գետնին, ջրին մոտ, դնում է 46 մմ տրամագծով, բաց դարչնագույն 8-9 ձու։ Սևանի մակարդակի նվազման և Գիլլի լճի չորացման հետևանքով թվաքանակը և տարածման շրջանները կրճատվել են։ Ուշագրավ է, որ այս կենդանին ևս ողջ է:
«A X H» անունով օգտատիրոջ բաց համացանցային տիրույթում առկա են նաև սպանված աղվեսների, գայլերի, տարբեր ձկնատեսակների լուսանկարներ:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: