«Ալավերդին սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ է...»
«Այս պահին քաղաքը հանգել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի, չեմ ասի ամբողջապես, բայց որոշակի մասով նաև Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդրի պատճառով: Պարզվեց ամեն դեպքում գործարանի փակվելուց հետո որևէ ձև «ՎՏԲ» բանկը իրավական առումով իր իրավունքները չի տարածել գործարանի վրա և այս պահին անորոշ վիճակ է՝ և՛ բնապահպանական խնդիրների առումով, և՛ սոցիալ-տնտեսական խնդիրների առումով, որովհետև Ալավերդիում մի քանի անգամ ճանապարհներ են փակել քաղաքացիները, որպեսզի գործարանը վերագործարկվի: Կառավարությունը համապատասխանաբար ասում է, որ ամեն ինչ անում է որ գործարանը վերագործարկվի, սակայն որևէ էական տեղաշարժ կարծես թե տեղի չի ունենում, որովհետև պատճառները, թե ինչու չի աշխատում գործարանը ,շատ խորն են»,- մեզ հետ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրույցում ասաց «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը՝ խոսելով Ալավերդի քաղաքում տիրող իրավիճակի մասին:
Նշենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Թեղուտի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասաց. «Շատ ակտիվ աշխատանք է տեղի ունենում Թեղուտի հանքի հետ կապված, և այն մարդիկ, ովքեր ներգրավված են պրոցեսի մեջ, մեզ հավաստիացնում են, որ շատ արագ և շուտով մենք այդ ոլորտում կունենանք հաջողություն, այսինքն, այն կվերաբացվի»:
Օլեգ Դուլգարյանը նշեց, որ եթե այսօր գործարանը բացվի, ապա չլուծված է մնում շատ խորքային բնապահպանական խնդիրներ, այսինքն դա ևս շատ անտանելի, անհամաչափ և ուղղակի մարդու գոյության հետ անհամատեղելի երևույթ է, որին պետք է լուծում տրվի: «Եթե հանկարծ ու հանկարծ գործարանը բացվեց, ապա ամեն ինչ պետք է արվի այնպես, որ վնասակարությունը մինիմալին հասցվի, սակայն այն տեխնիկական պայմանները, որոնք այսօր կան գործարանում իրականում դա թույլ չեն տալիս: Բնապահպանական և ֆինանսական խնդիրների պատճառով գրեթե մեկ տարի առաջ փակվեց Թեղուտը և մոտ 1300 աշխատակիցներ դարձան գործազուրկ: Հետո, եկավ գործարանի խնդիրը մոտ 630 քաղաքացի կանգնած է աշխատանքից զրկվելու փաստի առաջ և իրենք հիմա դեռևս շարունակում են համագործակցությունն աշխատավարձի 1/3 չափով, որի ժամկետը մինչև ապրիլի 30 է: Սակայն իրենք ունեն գոյացած վարկեր, որն էլ անհնարին է դարձնում նրանց գոյությունը. իրենք ի վիճակի չեն մարել այդ վարկերը և հիմա սկսել ենք մի նախաձեռնություն, որ կառավարությունը միջամտի, որպեսզի վարկերի մարման գործընթացի ժամկետը կասեցվի»,- մանրամասնեց նա:
Հիշեցնենք, որ 2018փ.-ի նոյեմբեր ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրեց ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանին՝ հայտնելով, որ նոյեմբերի 24-ին հանդիպել են «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցների հետ: Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը տեղեկացրել էր, որ Թեղուտի հանքավայրի վերագործարկման հարցը քննարկվել է Կառավարությունում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Հանդիպմանը ներկա գտնվողներին տեղեկացվել է նաև, որ նոյեմբերի 26-ից սկսած ընկերության նախկին աշխատակիցները կստանան ծանուցագրեր մեկ ամիս հետո աշխատանքի վերադառնալու վերաբերյալ: Սակայն, այս հայտարարությունն այդպես էլ իրականություն չդարձավ:
Վերջինս նաև նշեց, որ եթե ստեղծվեն այլընտևանքային աշխատատեղեր, այդ թվում՝ էկո պահպանությանն ուղղված, այդ ժամանակ կարող են մարդկանց ամբողջապես ձերբազատել հանքերի կախվածությունից: Օլեգ Դուլգարյանն ասաց. «Դա էլ մի բան չէ, երբ մարդը մի բանից է կախված և դա հենց հանքարդյունաբերությունն է: Եվ այնպես չէ ոչ այնտեղ աշխատողները գոհ են, որ վտանգում են իրենց առողջությունը, բայց կարծես այլընտրանք այս պահին գոյություն չունի և եթե մենք տեսնեինք՝ ինչ էին պահանջում ճանապարհ փակողները, ապա կտեսնենք, որ աշխատատեղ և նրանք դեմ չեն այլ տեղում աշխատելուն: Այս պահի դրությամբ նրանք հակված են աշխատատեղերի բացմանը, որվհետև հոգեբանական հարց կա. երբ մարդը իր երեխայի օրվա հացի խնդիրը չի կարողանում լուծել, այս դեպքում նույնիսկ հոգեբանական ճնշման են ենթարկվում նաև այն մարդիկ, ովքեր դեմ են բնապահպանական արտաներտումներին: Բնակչությունը պետք է լավ իրազեկված լինի իրական բնապահպանական պատկերի, իրական վնասակարության վերաբերյալ, որպեզի նա կարողանա կշեռքին դնել, թե ո՞րն է կարևոր»:
Խոսելով աշխատատեղեր ստեղծելու այլընտրանքի մասին, վերջինս նշեց, որ պարտադիր չէ այս հարցով կառավարությունը զբաղվի, կարող են զբաղվել և՛ միջազգային դոնոր կազմակերպությունները, և՛ անհատները, մոբիլիզացիա պետք է տեղի ունենա, որի շրջանակներում հոգեբանական զարթոնք կապրի Ալավերդին: «Օրինակ՝ մեր կազմակերպությունը պատրաստվում է Ալավերդում սոցիալական նախաձեռնության ֆոռում իրականացնել, որի ժամանակ փորձագետներ են հավաքվելու Ալավերդիում, որի ժամանակ պատրաստվում ենք սոցիալական նախագծեր ստեղծել, որից հետո կսկսվի դրանց կյանքի կոչման փուլը: Եվ այսպիսի նախաձեռնություններ պետք է շատ լինեն, և եթե կառավարությունը Ալավերդին դիտարկի այլ պրիզմայում, այստեղ կենտրոնացնի որոշակի գործընթացներ, որպեսզի այս հոգեբանական ճնշումը չլինի, որովհետև մարդիկ հուսահատ թողնում, արտագաղթում են այս պահին:
Մենք չպետք է մոռանանք նաև, որ Ալավերդին հարյուրամյակներով եղել է հանքարդյունաբերական, պղնձաձուլական քաղաք, որը այստեղ արմատացած է բնակիչների նիստ ու կացով, հիշողություններով: Եվ հիմա մարդիկ աշխատատեղ են ուզում, ասում են՝ անգամ եթե ժամանակավոր էլ լինի գոնե նույն պայմաններով, կգնանք, կաշխատենք, որովհետև հացի խնդիր ունենք: Եվ այս հոգեբանական վիճակի մեջ էկոլոգիան կարևորողները մեկ է չեն արտահայտվում: Եկամուտների պակասի բացակայությունը զգում են ամբողջ քաղաքում և մարդիկ ունեն սպասումներ, որ գործարանը կվերագործարկվի»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք նաև, որ նախորդ տարվա ամռանը Չեխիայի Հանրապետությունից ժամանած մասնագետները ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում հետազոտություն էին իրականացրել ծանր մետաղներով աղտոտվածությունը և դրա ազդեցությունը մարդկանց առողջության վրա պարզելու նպատակով: Այդ նպատակով նրանք վերցրել էին հողի, ջրի, հավկիթի, մարդու մազի նմուշներ: Դեբեդ գետից վերցված նստվածքներում հայտնաբերված պղնձի մակարդակները ցույց են տալիս, որ արդյունաբերական ձեռնարկությունների անմիջապես ներքևի մասով հոսող հատվածներից վերցրած նմուշներում պղնձի խտությունները կտրուկ ավելանում են և նույնիսկ հարյուրապատիկ գերազանցում են ֆոնային մակարդակները: