Ինչ փոփոխություններ են սպասվում ՀՀ ջրային օրենսգրքում
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքէջից՝ «Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը: Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասերով, որոնցով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը»:
Նախագիծը կառավարություն է ներկայացվել Բնապահպանության նախարարության մասին (ամբողջությամբ՝ հղումով): Հակիրճ բնութագրում ասվում է. «Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով, որով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը»:
Փոփոխություններից մեկը նախատեսում է. «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝
1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝
ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր.
բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40տոկոս և ավելի է.
գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը:
Սույն մասով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝
ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,
բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,
գ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,
դ. գետերի հոսքի ձևավորման տարածքներում,
ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,
զ. անտառային տարածքներում, որոնք հատվելու են շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելիս, բացառությամբ պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:
Սույն մասով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: