Կովկասյան հովազի որսագողության համար տուգանքի չափը կսահմանվի 100 մլն դրամ
«Սա դեռ նախագծային տարբերակ է, առայժմ շրջանառության մեջ է, սակայն նախագծի գլխավոր շեշտադրումն այն է, որ տուգանքների խստացումը զսպող գործիք լինի, և մարդիկ խուսափեն որսագողությունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծին:
Նշված նախագծով Հայաստանում որսագողության համար սահմանված տուգանքները նախատեսվում է խստացնել: Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը կողմ է որսագողության համար նախատեսված տուգանքների չափի բարձրացմանը: «Տուգանքները բարձր լինելու դեպքում մարդիկ կվախենան նման քայլերի գնալ»,- ասաց նա:
Ինչպես հայտնել ենք՝ 2019թ.-ը հայտարարվել է Կովկասյան հովազի պահպանման տարի: Տարվա միջոցառումների շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ թողարկելու է հովազի պատկերով հուշադրամ: Ոսկեհատ Գրիգորյանի խոսքերով՝ հուշադրամի թողարկումը նախատեսված է սեպտեմբերին: Արդեն մասնագետներն էսքիզների վրա աշխատում են:
Կարեն Մանվելյանը նշեց նաև, որ այսօր բարձր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել և հայտնաբերել որսագողության դեպքերը: Օրենքի նախագծով հովազի համար նախատեսված 3 մլն դրամ տուգանքը կդարձվի 100 մլն: Եթե որսն արվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա տուգանքը հնգապատկվում է: