Ահազանգ. Մալաթիա-Սեբաստիայի տներից մեկի բակում արջեր են պահվում (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ տարբեր քաղաքացիներից և ներկայացնել ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին տեղեկություններ: 

Այս անգամ ահազանգը Երևան մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում բնակելի տան տարածքում պահվող երկու գորշ արջերի մասին է: Ըստ քաղաքացու՝ արջերը նշված տարածքում պահվում են արդեն տևական ժամանակ է, հարակից տարածքների բնակիչները տեղյակ են դրա մասին, սակայն ինքն անձամբ տեղեկացել է վերջերս: Քանի որ կենդանիները պահվում են ոչ բարեկեցիկ և անգամ նվազագույն պայմաններ չապահովող վանդակում, քաղաքացին որոշել է ահազանգել դեպքի մասին: 

Երկու գորշ արջերը, որոնցից մեկը հավանաբար տարիքով ավելի փոքր է, քան մյուսը, մեր տեղեկությունների համաձայն պահվում են Մալաթիա-Սեբաստիա, Սվաճյան 44/1 հասցեում, որն ըստ մեր տվյալների գրանցված է Ջուլիետա Վարդանյան անունով քաղաքացու անվամբ: 

Նշենք, որ նման պայմաններում գիշատիչ կենդանի պահելը պարզապես անթույլատրելի է թե՛ կենդանու բարեկեցության, թե՛ բարոյական, թե՛ առողջապահական, թե՛ կենդանասիրական և մարդասիրական և թե՛ մարդկանց անվտանգության տեսանկյունից: Ապահովված չեն կենդանու բարեկեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները, ինչպես նաև ռիսկի տակ է դրված կենդանուն «խնամող» քաղաքացիների, ինչպես նաև նշված հասցեի հարակից տարածքներում բնակվող քաղաքացիների անվտանգությունը:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:

Նույն օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը»:

Ինչպես նաև հոդված 27.2-ի առաջին կետը սահմանում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»: 

Նշենք նաև, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր:

Ստեղծված իրավիճակը հետևանք է ՀՀ-ում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սահմանող օրենքի բացակայության, անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների մասին ամբողջական տեղեկատվության բացակայության և պատշաճ վերահսկողության բացակայության: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում