«Արջը մեր թալիսմանն է դարձել». Հանքավանում կարմիրգրքյան արջն ապրում է վատ պայմաններում (տեսանյութ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ տարբեր քաղաքացիներից և ներկայացնել ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին տեղեկություններ:

Այս անգամ քաղաքացին հայտնել է Հանքավանում գտնվող «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում պահվող արջի մասին: «Ընդամենը 20 քմ տարածքում է ապրում կենդանին և միայնակ, վատ պայմաններում: Ոչ մի հաճախորդի էլ չեն ասում, որ արջ կա, կարող են տեսնել: Կարծում եմ զուտ քմահաճույքի համար է արված: Դեպի անտառ գնացող աջ կողմում արահետ կա, մոտ 50 մետր խորքում է գտնվում և նույնիսկ մի քանի հաճախորդներ, ովքեր առաջին անգամը չէ, որ այստեղ էին հանգստանում իրենք էլ տեղյակ չէին»,- մեզ հետ զրույցում հայտնեց քաղաքացին:

Նշենք, որ նշված հաստատությունում պահվող արջի պայմանների և ճակատագրի մասին նախկինում ևս եղել են ահազանգեր, սակայն մինչ այժմ կենդանու կարգավիճակը փոփոխության չի ենթարկվել:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տնօրինության հետ՝ փորձելով պարզել կենդանուն նման պայմաններում պահելու նպատակը, պահման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և այլ տեղեկություններ:

«Տնօրենն այս պահին երկրում չէ և մոտ ամիս ու կես բացակայելու է: Հա՛, կենդանին կա, մենք իրեն պահում ենք: Կենդանու հետ կապված բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը և միջոցները պահպանված և ապահովված են, իսկ կենդանին դեռ փոքր, քոթոթ ժամանակվանից անտառից վիրավոր եկել, իջել է մեզ մոտ տարիներ առաջ, իրեն բուժել են, վերականգնել են, առաջարկել են կենդանաբանական այգին վերցնի այդ ժամանակ, բայց հրաժարվել են ու արդեն կենդանուն պահել ենք մենք»,- մեզ հետ զրույցում ասաց համալիրի գրասենյակի ղեկավարը:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:

Ուստի, վայրի բնության միավոր հանդիսացող կենդանուն պարզապես վանդակում պահելն ապօրինի է: Բացի այդ, նույն օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը»:

Ինչպես նաև հոդված 27.2-ի առաջին կետը սահմանում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»:

Ըստ գրասենյակի ղեկավարի արու արջն իրենց մոտ է հայտնվել 3-3.5 տարի առաջ: «Իր համար ճաշեր է պատրաստվում, ռեստորան ունեցող հյուրանոցային համալիր է, մի քիչ կոպիտ չհնչի, բայց շատ լավ է սնվում արջը: Փաստաթղթերի մասով տիրապետում է տնօրենը, ամիս ու կես հետո պետք է դիմեք»,- նշեց նա:

Մեր հարցադրմանը, թե ևս մեկ անգամ դիմել են արդյո՞ք որևէ կառույցի կենդանուն տեղափոխելու նպատակով, ղեկավարը պատասխանեց. «Մենք այլևս չենք դիմել, որովհետև ինքը մեր խորհրդանիշն ու թալիսմանն է դարձել, ու մենք նպատակ չունենք տալու: Հետո ինքը «приспособленный» չի, մի հատ է, ինքը սովոր է առոք-փառոք պառկի, իրեն կերակրեն, ո՛չ որս անել գիտի, ո՛չ վայրի բնության կենդանու հմտություններ ունի: Այդպիսի բաները կենդանիները վերցնում են ծնողներից, մայրն է սովորացնում... Չի բազմացել, որտեղի՞ց... մենք կոմերցիոն նպատակ չենք հետապնդում բազմացնենք, որ վաճառենք»:

Դիտարկենք նաև միջազգային փորձը. դեռ 1977թ.-ին Մեծ Բրիտանիայում կենդանիների բարեկեցության աստիճանը գնահատելու համար գիտնականների կողմից ներդրվեց «5 ազատությունների» (5 freedoms) սկզբունքը: Այս մոդելը սահմանում է 5 նվազագույն ազատությունները, որոնք պետք է ունենա անազատ կամ կիսազատ պայմաններում պահվող ցանկացած կենդանի.

1. Ազատություն սովից ու ծարավից (Freedom from hunger or thirst)

2. Ազատություն անհանգստությունից (Freedom from discomfort)

3. Ազատություն ցավից, հիվանդություններից և վնասվածքներից (Freedom from pain, injury or disease)

4. Բնական վարք դրսևորելու ազատություն (Freedom to express (most) normal behaviour)

5. Ազատություն սթրեսից և վախից (Freedom from fear and distress)

Այս հինգ ազատությունները հետագայում ներառվեցին Կենդանիների բարեկեցության համաշխարհային հռչակագրում (Universal Declaration on Animal Welfare): Համաձայն հռչակագրի՝ «5 ազատությունները» պետք է ապահովված լինեն անազատության մեջ պահվող կենդանիների համար:

Հայաստանում նշված ազատությունները դեպքերի մեծամասնությամբ չեն պահպանվում, ինչը վերաբերում է նաև այս դեպքին: Ավելին, չեն պահպանվում նաև ՀՀ օրենքով սահմանված դրույթները: Բազմաթիվ մասնագետներ տարիներ շարունակ նշել են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում առկա թերությունների և վայրի կենդանիներին անազատ և կիսազատ պայմաններում պահելու ոլորտում առկա բացերի, օրենսդրական պատշաճ վերահսկողության բացակայության մասին: Նշված օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն այժմ գտնվում է լրամշակման փուլում և Բնապահպանության նախարարության հավաստիացմամբ շուտով Հայաստանը կունենա ոլորտը կարգավորող պատշաճ օրենք:

Նշենք նաև, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում