ԶՊՄԿ գործունեության հետևանքով հաշվարկվել է 382 մլն դրամի չափով բնությանը հասցված վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է տեսչության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում ստուգում իրականացնելու մասին:
Ստուգման ընթացքում ջրերի (կեղտաջրերի) նմուշառման և լաբորատոր հետազոտությունների անցկացման համար որպես մասնագետներ ներգրավվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի մասնագետներ։
Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը՝
- Ընդերքօգտագործման մասով՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը։
- Բնապահպանական մասով՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը։
Այսպիսով՝ ստուգմամբ բացահայտվել են հետևյալ խախտումները.
Հանքավայրի կոնդիցիաներն ու պաշարները չեն ենթարկվել վերագնահատման: Վերջին անգամ հանքավայրի պաշարները վերագնահատվել և հաստատվել են 2006 թվականին։
Ընկերության կողմից չի վարվել օգտակար հանածոների պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան: Լիազոր մարմնին ներկայացված 2017 թվականի համար նախատեսված հաշվետվություններում տեղ են գտել անհամապատասխանություններ` կապված մարված պաշարների հաշվառման հետ։
2017 թվականին հանքավայրի հաշվեկշռային պաշարներից փաստացի մարվել է 27,2մլն. տոննա հանքաքար, մինչդեռ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված է տարեկան 22,0մլն. տոննա։ Նախատեսված 22,0մլն. տոննա հանքաքարի փոխարեն հարստացուցիչ ֆաբրիկայում վերամշակվել է 19,65 մլն. տոննա հանքաքար։ Փաստացի արդյունահանված և վերամշակված հանքաքարի ծավալների տարբերությունն Ընկերությունը կուտակել է բացահանքի տարածքում։
Ընկերությունը 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի ապրիլի 20-ն աշխատել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների (արտանետումների թույլտվության)։ Նշված ժամանակահատվածում մթնոլորտ է արտանետվել փոշի՝ 1754.92 տոննա, ածխածնի օքսիդ՝ 435.78 տոննա, ազոտի օքսիդ՝ 325.26 տոննա, բենզապիրեն՝ 0.002188 տոննա, ածխաջրածիններ՝ 56.739 տոննա, մանգանի օքսիդներ՝ 0.0046 տոննա, մուր՝ 12.709 տոննա, ծծմբական թթվի գոլորշիներ՝ 0.1725 տոննա և ծծմբի անհիդրիդ՝ 24.57 տոննա:
Ընկերությունը ջրառն իրականացնում է պահպանելով իրեն տրամադրված ջրօգտագործաման թույլտվությամբ սահմանված ջրառի տարեկան ծավալները, սակայն խախտել է լ/վրկ ջրառի պահանջը, որի արդյունքում 2015 թվականին (I, II, VIII, IX, X, XI և XII ամիսներ), 2016 թվականին (I, II, III, IX, X, XI և XII ամիսներ), 2017 թվականին (I, II, IX, XI և XII ամիսներ) չի պահպանվել Ողջի գետի բնապահպանական թողքը: Վերոգրյալի արդյունքում խախտվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԲՓ-108 շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական եզրակացության 3-րդ կետի պահանջը։
Ընկերությունը գործունեության ընթացքում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի թիվ 791-Ն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված, սակայն ներկայումս հողամասի նպատակային նշանակության փոփոխման փուլում գտնվող Արծվանիկի պոչամբարի հարակից Արծվանիկ, Չափնի և Սևաքար գյուղական համայնքների 18,55 հեկտար ընդհանուր մակերեսով համայնքային և պետական հողամասերը ծածկել է պոչանքներով։
2017 թվականի ապրիլի 21-ից մինչև ստուգման ավարտը վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նախագծով նախատեսված խոշոր, միջին և մանր ջարդման արտադրամասերի, աղման արտադրամասի, ռեագենտային արտադրամասի, մոլիբդենի խտանյութի չորացման արտադրամասերում նախատեսված մաքրող սարքավորումները բացակայում կամ գտնվում էին անսարք վիճակում։ Բացի վերը նշվածից Ընկերության տարածքում առկա էր քարաջարդման աղաց, փայտամշակման արտադրամաս և բետոնի պատրաստման հանգույց, որոնք ներառված չեն վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նախագծում։ Վերոգրյալի արդյունքում մթնոլորտ է արտանետվել չափաքանակից ավել փոշի՝ 159.97տոննա:
Ընկերությունը ջրառն իրականացնում էր Ողջի, Գեղի և Սակքար գետերից՝ չունենալով ջրառի կետերում ջրաչափիչ սարքավորումներ։ Վերջիններս տեղադրված և կապարակնքված էին լիազոր մարմնի կողմից Ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի հարակից տարածքում: Վերոգրյալի արդյունքում խախտվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԲՓ-108 շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական եզրակացության 3-րդ կետի պահանջը։
Ընկերության դյուկերային անցումներում խողովակների բարձր նիշերից նկատվել են կեղտաջրի արտահոսքի հետքեր, իսկ վթարային իրավիճակների համար նախատեսված առկա ավազանները մասնակի են ծառայում իրենց նպատակին: Մասնավորապես, 2018 թվականի սեպտեմբերի 24-ին 1-ին և 2-րդ դյուկերային անցումների տարածքներում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով, ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների, Ողջի գետի ջրավազան է արտանետվել 1,97 տոննա կախյալ նյութեր: 2017 թվականի հունվարի 25-ին, 26-ին, 27-ին և փետրվարի 3-ին Արծվանիկ պոչամբարի 4-րդ թունելախորշից տեղի է ունեցել 398,4 տոննա գերազանցումով կախյալ նյութերի արտահոսք։ Բացի վերը նշվածից, ըստ լաբորատոր հետազոտությունների տվյալների 2018 թվականի 3-րդ եռամսյակում թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակից ավել ջրային ավազան է արտանետվել ցինկ՝ 0,29 կգ էկվ.։ Վերոգրյալի արդյունքում խախտվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԲՓ-108 շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական եզրակացության 3-րդ կետի պահանջը։
2016 թվականի համար թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերն Ըկերության կողմից պետական լիազոր մարմնի հաստատմանը չեն ներկայացվել։
Ընկերության կողմից ներկայացված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններում, ինչպես նաև բնապահպանական և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում առկա են եղել թափոնների տեղադրման կամ պահման, անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման, ջրառի և կեղտաջրերի բնահապանական հարկով հարկման բազայի չափաքանակների հետ կապված անճշտություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։
Այսպիսով՝ Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների և մթնոլորտային օդի վրա ազդեցության հետևանքով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է 382.431.552 (երեք հարյուր ութսուներկու միլիոն չորս հարյուր երեսունմեկ հազար հինգ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ինչի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Ընկերությանը ներկայացվել է վնասի փոխհատուցման պահանջ։
Ինչպես նաև, Ընկերության ոլորտային երեք պատասխանատու պաշոտնատար անձիք ենթարկվել են վարչական տուգանքի՝ ընդհանուր 550.000 ՀՀ դրամի չափով։ Ընկերությանը տրվել են ստուգմամբ բացահայտված իրավախախտումները սահմանված ժամկետներում վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ։