Վազաշենում հանքի հանրային լսումները չեն կայացել

Այսօր՝ փետրվարի 27-ին Տավուշի մարզի Վազաշեն համայնքում նախատեսված հանրային լսումները տեղի չունեցան: Վազաշեն համայնքի բնակիչները, ինչպես նաև ՀՀ տարբեր տարածքներից ժամանած քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը հայտնեցին նախատեսվող հանքի շահագործմանն ու դրան նախորդող գործողությունների իրականացմանը: 

Հիշեցնենք, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար որոնել և հաշվարկել դրանց պաշարները: Նախատեսվում է նաև ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնում: Հանքերևակման տեղամասը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայից դեպի արևելք ձգվող Վահագնի լեռնաճյուղի լանջերին՝ Աղստև գետի ստորին հոսանքի ավազանում, Վազաշեն համայնքի վարչական տարածքում: Ըստ հայտի` ուսումնասիրության տարածքը թփուտապատ է, սակայն մակերեսային երկրաբանահետախուզական փորվածքները փորվելու են անտառազուրկ տարածքներում: Սակայն հայտի «Բուսական ծածկույթ» բաժնում նշվում է, որ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման շրջանում տիրապետող են հաճարենու, կաղնու, բոխու լայնասաղարթ անտառները: Հայտով բացառվում է ծառերի և թփերի հատումը, ջրերի աղտոտումը: Պաշարների հաստատվելու դեպքում հանքաքարի արդյունահանումն իրականացնելու են ստորգետնյա եղանակով` բացառելով ծառահատումները:

Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ Վազաշեն համայնքի ղեկավար Բադիրյան Լորիկը հրաժարվել է արձանագրել հանրային լսումների կայացած չլինելու հանգամանքը, ուստի ներկաներն իրենք են որոշել կազմել արձանագրություն: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում