Տուլայի «Ռիո» մոլում «տանջում» են վագրի ձագին. կենդանապաշտպաններն ահազանգում են (տեսանյութ)
Ռուսաստանում գործունեություն ծավալող «Վիտա» կենդանապաշտպան կազմակերպությունն (Центр защиты прав животных «ВИТА») ահազանգում է Տուլայի «Ռիո» առևտրի և ժամանցի կենտրոնի կոնտակտային կենդանաբանական այգում վագրի ձագին ծաղրանքի առարկա դարձնելու և դաժան վերաբերմունք ցուցաբերելու մասին: Այգու այցելուները կարող են գումարի դիմաց լուսանկարվել կենդանու հետ, իսկ վարժեցնողները մշտապես քաշում են կենդանու վզին փաթաթված շղթայից, հարվածում են դեմքին և հրում են աթոռով, որպեսզի կենդանին նայի տեսախցիկին:
Տուլայի «Myslo» հրատարակությունը միջադեպի կապակցությամբ դիմել է ՌԴ դատախազություն: Դեկտեմբերի 27-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենք: ՌԴ դումայի պատգամավորներն ընդունել են այս օրենքն այն շրջանառելուց միայն 8 տարի անց: Այս օրենքի կարգավորման շրջանակներում են հայտնվել առաջին հերթին վայրի կենդանիներ պահող մասնավոր անձինք, ինչպես նաև կոնտակտային այգիները, զվարճանքի և ժամանցի վայրերը, որտեղ վայրի կենդանիներ են պահվում:
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Մոսկվայում ժամանակավորապես դադարեցվել է «Մոփս Թայմ» սրճարանի գործունեությունը, որտեղ որպես զվարճանքիառարկա շահագործվում էին 7 մոփս ցեղատեսակի շներ:
Հիշեցնենք, որ «Ռիո» առևտրի և ժամանցի կենտրոնների ցանցը հանդիսանում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականությունը: «Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է Կարապետյանների ընտանիքին՝ Սամվել և Կարեն Կարապետյաններին: 2017թ.-ին Երևանում ևս բացվեց «Ռիո» առևտրային զվարճանքի կենտրոն: