Վայրի բնությունից գողացված կենդանիները՝ ազատ վաճառքի առարկա (ֆոտո)
Առցանց վաճառքի կայքերում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են անկառավարելի ու անվերահսկելի մնալ: Հատկապես, խոսքը գնում է կենդանիների, դրանց արգասիքների, խրտվիլակների ազատ և անթաքույց առք ու վաճառքի գործարքների մասին: Դրանք չեն կարգավորվում ոչ միայն օրենսդրական ակտերով, այլ անտեսվում են նաև իրավապահ մարմինների կողմից:
Նշված կայքերում հաճախ կարելի է հանդիպել ապօրինի գործողությունների մասին վկայող հայտարարությունների: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից արդեն իսկ ներկայացված խրտվիլակի վաճառքի դեպքերից զատ, անդարդառնանք նաև կենդանիների առանձնյակների վաճառքի առաջարկներին: Նման կայքերից մեկում հայտնաբերեցինք քաղաքացու, ով վաճառում է կենդանի աղվեսներ, կաքավներ և այլ կենդանիներ: Վերջինիս հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ նա վաճառում է վայրի բնության միավոր հանդիսացող ու իր կողմից բռնված աղվեսների:
«Ուզելու դեպքում բռնում եմ, տենց չեմ պահում»,- հավանական «հաճախորդի» հետ զրույցում ասաց նա: Մեր հարցադրմանը, թե կարող է արդյո՞ք ձագ «բռնել», պատասխանեց՝ ձագ հիմա չկա, ամռանը կլինի: «Հինգ հատ էլ կարամ բռնեմ, բայց ժամանակ ա պետք»,- նշեց վաճառողը:
Մեկ բռնված աղվեսի գինը վերջինս սահմանել է 20 հազար դրամ, իսկ հայտարարությունում նշվում է նաև՝ «կլսեմ ձեր առաջարկները, հրացան, զենք, տիր»:
Տվյալ հեռախոսահամարը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում է Գրիգոր Եղիազարյան անունով քաղաքացու, իսկ առցանց վաճառքի կայքի էջը գրանցված է Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքում: Չի բացառվում և հավանական է, որ նշված անձը «որսորդ» է կամ հանդիսանում է որևէ որսորդական միության անդամ:
Նույն վաճառքի կայքում հանդիպեցինք վաճառվող ևս մեկ կենդանի աղվեսի: Նշված հայտարարությունը ավելացվել է օրեր առաջ: «Էդգար» անունով օգտատերը բեռնել է վանդակում գտնվող կենդանու լուսանկարները և վաճառում է վերջինիս 15 հազար դրամով: Նշված էջը ևս գրանցված է Կոտայքի մարզում, Հրազդան քաղաքում: «Հիմա ունեմ մի հատ, հենց նկարի մեջինն ա: Ինքը իրանով եկել բռնվել ա, ես էլ ծախում եմ»,- ասաց քաղաքացին՝ հավաստիացնելով, որ սա եզակի դեպք է ու նա չի զբաղվում «այս գործով»:
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:
Բացի վերոնշյալ օրենքում առկա կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման բազմաթիվ կարգավորումներին ու սահմանափակումներին, նշենք նաև, որ «Որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով վերոնշյալ կենդանատեսակի որսը թույլատրված չէ:
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ աղվեսները հանդիսանում են տարբեր վարակների, հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզ, կրողներ ու տարածողներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում պատշաճ եղանակով չի իրականացվում նաև կենդանական աշխարհի օբյեկտների շրջանում տարածված հիվանդությունների մոնիթորինգ և ուսումնասիրություն, ապա վայրի բնության մասնիկների նման ապօրինի օգտագործումը կարող է նաև ռիսկեր պարունակել հասարակության անդամների համար:
Առաջնորդվելով անձնական տվյալների գաղտնիության պահպանման սկզբունքով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը չի հրապարակում օգտատերի տվյալներն ամբողջությամբ (հեռախոսահամար), սակայն դրանք կտրամադրի իրավապահ մարմիններին:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: