Ֆիոնա. մոլորակի ամենահմայիչ գետաձին (տեսանյութ)
«Cincinnati Zoo & Botanical Garden»-ը համարվում է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներից մեկը. այստեղ ոչ միայն հիանում են կենդանիներով այլև իրականացնում են բնապահպանական տարբեր ծրագրեր: Կենդանաբանական այգում բնակվում են նաև գետաձիեր, բայց վերջին յոթանասունհինգ տարիների ընթացքում նրանց չէր հաջողվել սերունդ տալ: 2017թ.-ի հունվարի 24-ին տեղի ունեցավ պատմական իրադարձություն. լույս աշխարհ եկավ Ֆիոնա անունով «գետաձիուկը»:
Փոքրիկի մանկությունը լի է եղել դժվարություններով. նա ծնվել է ժամանակից 6 շաբաթ շուտ, նրա քաշը կազմել է 13 կիլոգրամ, սակայն ըստ նորմերի նորածին գետաձիերը պետք է կշռեն 25 կիլոգրամ: Վայրի բնության մեջ գետաձիերը լույս աշխարհ գալուց անմիջապես հետո կարողանում են լողալ և քայլել, սակայն Ֆիոնան այդ ամենը սկսեց սովորել կյանքի առաջին շաբաթների ընթացքում: Ֆիոնան միակ գետաձին է, որին արհեստական կերակրման միջոցով են խնամել, նա կաթը խմում է շշի օգնությամբ: Ատամների աճի ժամանակ գետաձին հրաժարվել է սննդից և նրան ստիպված են եղել ներերակային ճանապարհով սնել:
Ինչպես գրում է «National Geographic»-ը, փոքրիկի կյանքին հետևում էր ամբողջ աշխարհը և անգամ հիմա, երբ այլևս նրա կյանքին վտանգ չի սպառնում ու կենդանին արդեն կշռում է 500 կիլոգրամից ավել, միևնույն է՝ Ֆիոնան շարունակում է մնալ կենդանաբանական այգու «աստղը»:
Ֆիոնայի հանրաճանաչությունն այնքան մեծ է, որ նրան նվիրված տարբեր միջոցառումների տոմսերն ակնթարթային արագությամբ սպառվում են: Կենդանաբանական այգին կենդանու կյանքի մասին վարում է բլոգ բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն կարող Ֆիոնային անձամբ հանդիպել: Վերջերս նաև հոլովակ են պատրաստել որտեղ ներկայացված են զվարճալի և հուզիչ պահեր կենդանաբանական այգու հայտնի ու երիտասարդ բնակչի մասին: