Նիկոլ Փաշինյանը՝ սիգի ապօրինի որսի մասին. տրվել են հանձնարարականներ
Հունվարի 10-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև մի քանի բնապահպանական թեմաների, այդ թվում՝ Սևանա լճում սիգի ապօրինի որսին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը մի քանի անգամ արդեն քննարկվել է և պետք է մտածել խնդրի երկարաժամկետ լուծման մասին: Վարչապետի պաշտոնակատարը Սևանա լճում կազմակերպական որոշակի լուծումների հասնելու համար հանձնարարել է Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ քննարկել այդ հարցը և առաջարկել երկարաժամկետ կոնկրետ լուծումներ:
Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարությունը հայտնել է՝ 2018թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ.ի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվել է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։ Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։ Իրականացվող գործողությունների շրջանակներում Բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստորագրել են համատեղ միջոցառումների և փոխգործակցության քառակողմ ծրագիր:
Ամեն դեպքում, սահմանված արգելքն այս տարի նույնպես չի կանխարգելել լողամիջոցների մուտքը Սևանա լիճ և սիգ տեսակի ձկան վաճառքի մասին ահազանգեր են հնչել հանրապետության տարբեր վայրերից: Ապօրինի որսի արդյունքում մեծ քանակությամբ սիգ տեսակի ձուկ վաճառվում էր հատկապես Երևանի փողոցներում: Տեղի ունեցող երևույթները վառ ապացույցն են պահպանության պատշաճ մակարդակի բացակայության և վերահսկողութուն իրականացնող մարմինների թերացումների: