«Արյունոտ ձեռքերով փայտահատը». ապօրինի որս՝ մանկահասակ երեխաների «ներգրավմամբ» (ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

Տաշիր քաղաքի 31-ամյա բնակիչ Պողոս Աթոյանն օրերս որսագողության մասին փաստող լուսանկարներ է բեռնել սոցիալական բաց հարթակ: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը՝ լուսանկարներում քարակզաքիս (Mustelidae) է, որը կզաքիսայինների ընտանիքից գիշատիչ կաթնասուն է։ Վերջինիս նկատմամբ որսի իրականացման համար թույլտվություն սահմանված չէ:

Ինչպես հայտնել ենք, որսի համար նախատեսվող 2018-2019 թթ. օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով՝ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել իրականացնել կաթնասունի որս:

Քարակզաքիսը կզաքիսների միակ տեսակն է, որը չի վախենում ապրել մարդկային բնակավայրերի մոտ։ Սնվում է կրծողներով, սողուններով, երկկենցաղներով, միջատներով, թռչուններով և նրանց ձվերով ու ձագերով, նաև բուսական կերով։ Մորթին արժեքավոր է։ Ուշագրավ է, որ իրականացված ապօրինի որսը համարվել է «դիտարժան», ինչի հետևանքով արյունոտ կենդանին ձեռքում լուսանկարվել են նաև մանկահասակ երեխաներ:


Նշենք, որ լուսանկարները համացանց են բեռնվել բոլորովին վերջերս՝ դեկտեմբեր ամսին: Այս տարվա սեպտեմբեր ամսին նույն անձի կողմից բեռնվել է նաև նապաստակի որսի լուսանկար, որի որսի թույլտվություն ևս սահմանված չէ:

Բեռնված լուսանկարները վկայում են, որ բազմաթիվ անգամներ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ և այլ նորմերով սահմանված պահանջները:

Պողոս Աթոյանը 2016թ.-ին բեռնել է սպանված նապաստակի լուսանկարներ, իսկ 2015թ.-ին՝ անգամ սպանված վարազի: «2015-2016 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և դրանց ժամկետները սահմանելու մասին» հրամանի համաձայն ևս թույլատրված չէ որևէ կաթնասունի որս, բացի գայլ և շնագայլ տեսակներից:

Նշենք, որ վերջին տարիներին մի շարք պատճառներով վայրի բնության մեջ կտրուկ կրճատվել է վարազների թվաքանակը, ինչի հետևանքով վարազի որսի թույլտվություն չի սահմանվում: Ուստիև վերոնշյալ դեպքերը ևս ապօրինի որսի հետևանք են: Բազմաթիվ են գայլի որսի և դրանց մորթու օգտագործման մասին վկայող դեպքերը:

Դատելով լուսանկարներից Պողոս Աթոյանը սիրում է «արյունոտ խաղեր»...


Ուսումնասիրելով վերջինիս բաց հանրային տվյալները հայտնաբերում ենք նաև հետևյալ լուսանկարները: Նշենք, որ Լոռու մարզում, հատկապես՝ Ալավերդու, Ստեփանավանի անտառներում բազմաթիվ են նաև ապօրինի ծառահատումների դեպքերը: Նշված լուսանկարները պետք է դառնան առանձին ուսումնասիրության առարկա համապատասխան մարմինների կողմից: Ներկայացնենք նաև տեսանյութեր վերջինիս էջից՝ տեսանյութ 1, տեսանյութ 2:

Պողոս Աթոյանի լուսանկարներում հանդիպում ենք նաև «Տաշիր կաթ» ԲԲԸ տարածքում պահվող հայտնի արջերին, որոնք ևս 10 տարի առաջ տեղի ունեցած ապօրինի որսի հետևանք են: Լուսանկարներում կրկին մանկահասակ երեխա է:

Նշված և նմանատիպ դեպքերի առկայությունը վկայում է, որ հասարակության շրջանում դեռևս էկո-գիտակցության և էկո-կրթության ցածր մակարդակ է, ինչպես նաև անհրաժեշտ գիտելիքների պակաս: Հատկապես ուշագրավ է ծնողների կողմից մանկահասակ երեխաների ներգրավումը նման տեսարաններում: Այս երևույթները քննարկման կարիք ունեն ոչ միայն ապօրինի գործողությունների տեսանկյունից, այլև բարոյական և դաստիարակչական:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում