«Recycle it». թափոնների սորտավորում՝ արդեն ավելի քան 80 կազմակերպություններում
«Recycle it» ծրագրի շրջանակներում մի քանի ամիս շարունակ իրականացնում է թափոնների սորտավորման նախագիծ Հայաստանի տարբեր համայնքներում և կազմակերպություններում։ Նախագծի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման ու վերամշակման կուլտուրայի ձևավորմանը սորտավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:
Այս կարճ ժամանակահատվածում «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» ՀԿ-ն (“ISSD”) արդեն իրականացնում է թափոնների սորտավորում ավելի քան 80 կազմակերպություններում, ներառյալ կրթական հաստատություններում (դպրոցներ, համալսարաններ, նախակրթական համալիրներ և այլն), մասնավոր ընկերություններում, պետական հաստատություններում և բնակելի համալիրներում։ «Recycle it» ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն սորտավորել հետևյալ թափոնները՝ պլաստիկ, թուղթ, մետաղ և ապակի, որից հետո սորտավորված աղբը տեղափոխվում է վերամշակման կայաններ։ Այս ծրագրի շրջանակներում թիմն իրականացնում է նաև բազմաթիվ հանրային միջոցառումներ, մրցույթներ և բնապահպանական դասընթացներ։ Վերջին երկու ամիսների ընթացքում այս դասընթացներին արդեն իսկ մասնակցել են Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Տավուշի դպրոցների 800-ից ավել աշակերտներ և ուսուցիչներ։ Այս ծրագրի մեկնարկից օրեր անց, ՀՀ բնապահպանության նախարարությունում, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունում, ինչպես նաև պետական մի քանի այլ գերատեսչություններում նույնպես սկսեցին ակտիվորեն սորտավորել իրենց թափոնները։
Երևանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցը ևս շահառու հաստատություններից մեկն է։ Երբ ծրագրի և նրա արդյունքների մասին զրուցում էինք դպրոցի տնօրեն Մուրադյան Լիանայի հետ, նա ասաց․ «Առաջին օրերին դժվար էր, բայց հետո կամաց-կամաց ես նկատեցի, որ արդեն երեխաների մոտ ձևավորվում է թափոնների սորտավորման կուլտուրան։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր ձեռքբերում է։ Հիանալի արդյունք է, որ երեխայի մոտ արդեն ձևավորվել է այն մտածելակերպը, մոտեցումը, վերաբերմունքը, որ ինքը պետք է թափոնները սորտավորի։ Դեպի դրականը, դեպի լավը․․․ Երեխաների մոտ հոգատարություն է առաջացել բնության նկատմամբ։ Շատ լավ ու անհրաժեշտ ծրագիր է»։
«Recycle it» ծրագիրն իրականացվում է «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը (“ISSD” Innovative Solutions for Sustainable Development of Communities NGO”) ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: